Արագած լեռան լանջին էկոգյուղ, լեռնադահուկային համալիր և ջրամբար կառուցելու համար Վարդենուտ գյուղի 4400 հա հողերը պետք է վաճառվեն «ՌԻԴ» ընկերությանը։ Սա որոշել է Կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերին՝ ներդրումային ծրագրի շահը գերակա համարելով գյուղացի սեփականատերերի շահերի հանդեպ։
Գյուղի բնակիչները, սակայն, համաձայն չեն «ՌԻԴ»-ի առաջարկած ծիծաղելի էժան գնին. հողի մեկ քառակուսի մետրը ընկերությունը 300 դրամ է գնահատել։ Վարդենուտցիները պնդում են, որ սարի լանջի հողն ամենաբերրին է, դա իրենց հիմնական եկամտի աղբյուրն է, և այդտեղով է անցնում խմելու և ոռոգման ջրի մագիստրալը։ Գյուղացիները պահանջում են համաչափ փոխհատուցում և երաշխիքներ, որ ջրի խողովակը չի վնասվի։
«ՌԻԴ»-ը գյուղացիների բողոքներից հետո հայտարարություն է տարածել՝ գինը բարձրացնելու պահանջը համարելով «ապօրինի հարստանալու» փորձ և «շանտաժ» այն դեպքում, երբ հողամասերը «Խորհրդային Միության փլուզումից հետո բաժանվել են անվճար»։
Ըստ գյուղապետի այդ շրջանում սեփական հող ունի մոտ 200 մարդ։
Գնի շուրջ բողոքներից հետո Վարդենուտ է եկել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարդենուտցի Հրանտ Գյուրջյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Պապոյանը հորդորել է գյուղացիներին ընկերության հետ բանակցել և գալ ընդհանուր հայտարարի։
«Եթե դու նախարար ես՝ իրավունքի մարդ, չես կարողանում ընկերությանը ստիպել ինձ ադեկվատ գին տալ, ես ո՞նց ստիպեմ», – հավելել է վարդենուտցի Խաչիկ Իսրայելյանը։
«ՌԻԴ»-ը բանակցությունների չի գնում և անհատական դատական հայցեր է ներկայացրել բոլոր սեփականատերերի դեմ, որոնք հրաժարվում են հողը վաճառել։
«Ես եմ շանատաժ անում, թե «ՌԻԴ»-ը՝ մեզ դատի տալով։ Ես պիտի անկախ գնահատող գտնեմ, վճարեմ նրան, գտնեմ փաստաբան, իրավաբան, այդ ամենի համար վճարեմ մոտ 400 հազար դրամ ու դեռ պարզ չի՝ դատարանում կշահեմ, թե ոչ», – Epress.am-ին ասել է գյուղի բնակիչ Խաչիկ Ավետիսյանը։
Գյուղացիները, ըստ նրա, պատրաստվում են նորից բողոքի ակցիաներ անել՝ փակելով Վանաձոր-Երևան ճանապարհը․
«Թող կառուցեն լեռնադահուկային կենտրոնը՝ սարի վրա, բայց գյուղի հողերը վերցնելու ու վրան էկո-գյուղ կառուցելու իմաստը ո՞րն է։ Եթե ուզում են, թող տրակտոր առնեն, մեզ օգնեն տեխնիկայով և գիտելիքով։ Մեզ առաջարկում են 300 դոլար աշխատավարձ։ Ինչո՞ւ ես իմ հողի վրա աշխատեմ որպես վարձու աշխատող։ Հյուրատներում մեզ գործի չեն վերցնի, դրան ես չեմ հավատում։ Մաքսիմում հավաքարարի գործ առաջարկեն․․․»,- ասում է Խաչիկ Ավետիսյանը։
Գյուղապետարանի պատերին փակցված են «էկո-գյուղի» մոդելավորված նկարները միայն, հստակ աշխատանքային պլան ու ժամանակացույց չկա։ Ինչն էլ առիթ է տալիս լեգենդների տարածմանը, թե ռուսաստանաբնակ Ռուբեն Գրիգորյանին պատկանող «ՌԻԴ» ընկերությունն իրականում չի պատրաստվում կառուցապատում անել. այն գերակա շահից օգտվելով գնում է հողը՝ վերավաճառելու նպատակով։
«ՌԻԴ» ընկերությունից Epress.am-ին հրաժարվեցին հարցազրույց տալ։ Խոստացան, որ մեդիայի համար առաջիկայում կարվի ծրագրի պրեզենտացիա։