Ներքին գործերի նախարարությունը օրենքի նախագիծ է առաջարկում, որով կկարգավորվեն ինքնագլորների երթևեկության կանոնները, մասնավորապես, թե ովքեր և որտեղ կարող են վարել դրանք ինչ արագությամբ և ինչ անվտանգային երաշխիքներով։
Ըստ նախագծի սկուտեր կարող են վարել չափահասները և 16 տարեկանը լրացած այն անձինք, ովքեր ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Մինչև 18 տարեկան անձինք կարող են ինքնագլորներ վարել միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում։
Փոփոխությամբ կարգավորվում է նաև, թե որտեղ կարելի է վարել այս տրանսպորտային միջոցները։ «Դրանք հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներն են կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիները, որոնց բացակայության դեպքում կարելի է օգտվել երկրորդ գոտուց՝ ճանապարհի կողնակներից», – «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մայթերի բացակայության դեպքում, ըստ Սարգսյանի, կարելի է վարել երթևեկելի գոտիների աջամասային հատվածներում։
Սկուտեր վարելու մաքսիմալ արագությունը նախատեվում է սահմանել 20 կմ/ժամը։ Ըստ ՆԳ նախարարի տեղակալի՝ հատկապես ղեկով կառավարվող ինքնագլորները պետք է ունենան ստուգաչափման սարքեր և այդ պատճառով էլ օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թ․ սեպտեմբերի 1-ից, որպեսզի ծառայություն մատուցող կազմակերպությունները ժամանակ ունենան կահավորել սարքերը։
Նախագծով կլինեն նաև որոշակի անվտանգային կանոններ առաքիչների համար, ովքեր երթևեկում են մոպեդներով, հեծանիվներով կամ ինքնագլորներով։ Նրանց համար պարտադիր կդառնա սաղավարտների կրումը։ Դրանք ձեռք բերելու պարտավորթյունը բիզնեսինն է, թե հենց առաքիչինը, նախագծով չի սահմանվում։
«Երթևեկության կանոնները խախտելու դեպքում կլինի նաև վարչական պատասխանատվություն», – Կառավարության նիստի ընթացքում ասել է Արփինե Սարգսյանը։ Ըստ նախարարի տեղակալի՝ նպատակը պատժելու ցանկությունը չէ, այլ նոր մշակույթի ձևավորումը։
Նոր մշակույթը, սակայն, ձևավորվում է միայն օրենսդրական կարգավորումներով և առանց համապատասխան ինֆրաստրուկտուրաների։ Այօսր Երևանում կան թվով 6 հեծանվաուղիներ, որոնք զբաղեցնում է մայթերի մի մասը։ Սա վտանգավոր է թե՛ հետիոտների, թե՛ սկուտերներ ու հեծանիվներ քշողների համար։
Քննարկման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ինքնագլորներ վարձակալության ծառայության հետ կապված գույքային վնասները շատ են և հենց նման ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է վթարի պատասխանատուն լինեն։
«Դա կբերի նրան, որ կազմակերպիչները իրենք կսկսեն կարգավորել և դնել կանոններ, որոնք հնարավորություն կտան բացառել դեպքերը, որոնք հանգեցնելու են վնասների երրորդ անձանց», – նշել է Գրիգորյանը։
Նախարարի տեղակալ Սարգսյանը սակայն նշեց, որ դեռևս բիզնեսին անհանգստացնելու կարիք չկա․ «ավելի խիստ գործիքակազմեր կիրառում են այն դեպքերում, երբ կան նման ինքնագլորներ վարելու համապատասխան վայրերը»։