Մոտ 200 ոսկի վաճառողներ այսօր բողոքի ակցիա են արել Կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ անհատ ձեռներեցների շրջանառության հարկը 5-ից 10 տոկոս բարձրացնելու փոփոխության։
Ըստ նրանց՝ հարկի բարձրացումը բերելու է թանկացման և անգործ է թողնելու ոսկերիչներին և վաճառողներին։ Առևտրի կետերը փակել են բոլոր ոսկու շուկաների վաճառողները, բացի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլի» աշխատողներից։
Ըստ ցուցարարների՝ ոսկու ոլորտը սպեցիֆիկ է և հատուկ հարկում է պահանջում։ Ոսկին չի կարող հարկվել շրջանառության հարկով, որովհետև ինքնարժեքի պատճառով շրջանառությունը մեծ է, բայց եկամուտը՝ ոչ միշտ։
«Մի ոսկյա ցեպ վաճառելուց երեք հազատ դրամն է իմ եկամուտը։ Լինում է, որ թանկով առած ապրանքը ստիպված էժանով ենք վաճառում, որտեվ ոսկու գինը օրվա մեջ մի քանի անգամ փոխվում է։ Բորսան է գինը որոշում»,- ասել է ցուցարարներից Արայիկը։
Կառավարությանը ոսկերիչներն առաջարկել են հանձնաժողով ձևավորել և այլ հարկում մշակել իրենց համար։
«Հիմա սկի հարսանիքներին մարդիկ ոսկի չեն առնում։ Առնում են մարտունեցիները՝ սեզոնին, գյուղացիները՝ կով մորթելուց, տուիստները՝ ամռանը։ Մեր շուկան հիմնականում սպասարկում է Ռուսաստանին, Ղազախստանին, Ուզբեկիստանին։ Եթե թանկանա մեր մոտ, այդ շուկան գնալու է Դուբայ, Ադրբեջան կամ Թուրքիա»։