Հնդկաստանի Սատարի շրջանից Արչանան նկատել է, որ վեցամյա դստեր մարմինը և վարքագիծը փոխվել են․ նա սկսել է բարկանալ մանրուքների պատճառով։ Երբ նա սկսել է ավելի հասուն տեսք ստանալ, մայրը աղջկան տարել է բժշկի մոտ։
Դելիի բնակիչ Ռաշին նույնպես փոփոխություններ է նկատել դստեր օրգանիզմում։ Նրա վեցամյա դստեր քաշը դարձել է 40 կգ, հետո արյունահոսություն է սկսել։ Բժշկի մոտ կոնսուլտացիայից հետո պարզվել է, որ նրա մոտ դաշտան է։
«Մեզ համար շատ դժվար էր դա ընդունելը։ Մեր աղջիկը չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում», – պատմել է Ռաշին։
Արչանային տեղացի բժիշկը խորհուրդ է տվել դիմել գինեկոլոգի։
«Զննության ընթացքում մենք նկատեցինք, որ նրա մոտ կան սեռահասունացման բոլոր սիմպտոմները։ Նրա մարմինը կարծես 14-15 տարեկան դեռահասի մարմին լիներ, իսկ դաշտանը կարող էր սկսել ամեն պահի», – ասել է Պունիի «Մայրություն» հիվանդանոցի բժիշկ Սուշիլ Գարուդը։
Բժշկի խոսքերով աղջկա մոտ հորմոնների մակարդակը բարձր է իր տարիքի համար սահմանված նորմայից և դա կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ։
«Արչանան ինձ պատմել է, որ տանը պահել է պեստիցիդներով լի 5 կիլոգրամանոց տարաներ, և երեխան հաճախ խաղացել է այդ տարաների կողքին։ Դա կարող է լինել հորմոնների փոփոխության գլխավոր պատճառներից մեկը», – ասել է Գարուդը։
Սովորաբար, սեռահասունացումը աղջիկների մոտ սկսվում է 8-ից 13 տարեկան հասակում, տղաների մոտ՝ 9-ից 14:
Մանկաբույժ և դեռահասների ներզատաբան Վայշախի Ռուստեգին ասել է, որ վերջին տարիների ընթացքում շատ է նկատել վարքային փոփոխություններ աղջիկների շրջանում:
«Նախկինում աղջիկների մոտ դաշտանը սկսվում էր ֆիզիկական փոփոխությունների առաջին նշանների ի հայտ գալուց մեկուկես-երեք տարի հետո։ Այժմ նրանց դաշտանը սկսում է երեք-չորս ամիս հետո», – ասել է նա BBC-ին:
Նրա խոսքով՝ այժմ տղաների մոտ մորուք և բեղեր աճում են սեռական հասունացման սկզբից մեկ-մեկուկես տարվա ընթացքում, մինչդեռ նախկինում դա տևում էր մինչև չորս տարի:
Բժշկական հետազոտությունների հնդկական խորհրդի (ICMR) մանկական առողջության հետազոտությունների բաժնի բժիշկ Սուչիտրա Սուրվեն իր ուսումնասիրության մեջ պարզել է, որ վաղ սեռահասունացման դեպքերն աճել են:
Դրանց պատճառները շատ են, և հնարավոր չէ առանձնացնել միայն մեկ պատճառ։ Հետազոտությունները դեռ չեն ավարտվել, սակայն նշվում է, որ սննդի մեջ օգտագործվող թունաքիմիկատներն ու կոնսերվանտները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և ճարպակալումը կարող են լինել հնարավոր պատճառների թվում:
Բժիշկ Պրաշանտ Պատիլը ասել է, վաղ սեռահասունացման հիմնական գործոններից մեկը կարող է լինել ճարպակալումը․ այդ խնդիրը սրվել է Covid-19 համաճարակի ընթացքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2022 թվականին ավելի քան 390 մլն 5-19 տարեկան երեխաներ և դեռահասներ ունեին ավելորդ քաշ, նրանցից 160 միլիոնը ճարպակալման խնդիրներ ունեին։
Մանկաբույժ Վայշախի Ռուստեգիի խոսքերով, վերջին երկու-երեք տարիների ընթացքում իր կլինիկայում օրական հինգ-վեց փոքր աղջիկներ են դիմում՝ վաղաժամ դաշտանի խնդրով։