Կառավարության մոտ առևտրականների, մանր ներմուծողների ու արհեստավորների հերթական բողոքի ցույցին մասնակցում էին նաև մի քանի տասնյակ լրագրողներ։ Հետնամասում լայվերն էին․ մարդիկ հերթով մոտենում էին տեսախցիկներին, որ հարցազրույց տան։ Ցուցարարները փորձում էին «չքաղաքականացնել» դժգոհությունը, լրագրողները՝ տեղավորել այն սեփական լրահոսի տրամաբանության մեջ։
Բողոքի առիթը հարկային նոր փոփոխություններն են։ Շրջանառության հարկը 5-ից դառնում է 10 տոկոս։ Թղթի վրա փոփոխությունը վերաբերում է միայն նրանց, ովքեր ամեն ապրանքի համար ձեռբերման փաստաթղթեր չեն ներկայացնում։ Բայց թղթաբանությունը այնքան է բարդացվել, որ հարկի կրկնապատկումը տարածվում է համարյա թե բոլորի վրա։
Ներմուծողներին և վաճառողներին հիմա ստիպում են մանրակրկիտ գույքագրում ներկայացնել։ Դա անելու համար պետք է ունենալ առնվազն հաշվապահ՝ մանր ուռուծախով զբաղվողների համար անհասանելի շռայլություն։ Շատ դեպքերում այդպիսի փաստաթղթեր չեն տրամադրում նույնիսկ արտադրողները։
Փոքր բիզնեսը վաղուց կիսամեռ է։ Առցանց առևտրային հարթակները՝ Wildberries, Temu, Ozon և այլն, զրկել են տոնավաճառներին, շուկաներին և խանութներին կլիենտներից։ Խոշոր բիզնեսը հարկային ու մաքսային արտոնություններ է ստանում։ Փոքր ու մանր ձեռնարկությունները դժվար թե վերապրեն կառավարության նոր պահանջները։
Մանրամասները՝ տեսանյութում։