Արարատի մարզի Սիս գյուղում երկաթուղային գծանցին կարգավորումների բացակայության պատճառով բեռնատար գնացքի է բախվել «Օպել» մեքենա, որի վարորդ 42-ամյա Կարոն տեղում մահացել է։ Նա նույն մարզի Դվին գյուղից էր, այսօր առավոտյան 6-ին իր մեքենայով գնում էր «Մեյմանդար» բանջարեղենի մեծածախ շուկա։
Երկաթգծի հետ ավտոմոբիլային ճանապարհի անցումը Սիս գյուղում չունի գծանցի հերթապահ և կահավորում. ուղեփակոց, դեղին լուսարձակ, «Ստոպ» և այլն նախազգուշացնող նշաններ։ Իրավիճակը ավելի են բարդացնում գյուղի կլիմայական պայմանները. Սիսում Արարատի մարզի ամենավատ մառախուղներն են լինում. ցածր դիրքի և ձկնաբուծական լճերի պատճառով տեսանելիությունը մթնշաղին ու աղջամուղջին հասնում է 50 մետրի։ Ոչ մոտեցող գնացքն է երևում, ոչ ճանապարհային նշանները։ Խաչմերուկը պետք է կարգավորվի ուղեփակոցով։
Գծանցի ոչ պատշաճ վիճակի համար պատասխանատվությունը իրար վրա են գցում բոլոր պատկան մարմինները։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չունի հերթապահ Սիսի գծանցումում։ Epress.am-ին ասել է խոսնակ Ռուբեն Գրձելյանը։ Ընկերության 100 գծանցումներրից միայն 30-ում կա հերթապահ։ Մյուսները «ինքնակարգավորվող են»։
«Առանցքայինը այն է, որ ճանապարհային նշանների մի մասն են բացակայաել։ Դրա պատասխանատվությունը համայնքի տիրույթում է։ Համայնքը պիտի դիմի ոստիկանությանը, վերջինս պիտի տրամադրի նշանները»,- ասել է նա։
Մասիս համայնքի մամուլի խոսնակ Համասփյուռ Քերոբյանը Epress.am-ին ասել է. «Երկաթուղային անցումները մեր տիրույթում չեն, չգիտեմ՝ ում տիրույթում են, բայց մեր տիրույթում հաստատ չեն»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից մեզ բանավոր չեն պատասխանել, խնդրել են գրավոր հարցում ուղարկել նախարարի անունով։ Պատասխան դեռ չկա։
Սիս գյուղի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանը Epress.am-ին ասել է, որ երկու ամիս առաջ իրենց «կոմունալի պետը» գրավոր դիմել է «Հարավկովկասյան երկաթուղուն»՝ բացատրելով գծանցի վտանգավորությունը և խնդրելով միջոցներ ձեռնարկել։ Մինչ այժմ պատասխան չեն ստացել։ Նրա խոսքով, գծանցում՝ ռելսագծերի վրա կա նաև փոս, որը վնասում է մեքենաների անիվները և բարդացնում վարորդների անցնելը։ Փոսը Սիսի բնակիչները փորձել են ինքնուրույն ծածկել խիճ լցնելով:
«Մեյմանդար» շուկան հանրապետության ամենամեծ մեծածախ շուկան է։ Այդտեղ առևտուրը տեղի է ունենում հիմնականում գիշերը և վաղ առավոտյան։ Շուկա տանող հիմնական ճանապարհը մի քանի ամիս է փակ է՝ Մասիսի համայնքի Հայանիստ գյուղի կամրջի փլուզման պատճառով։ Հայանիստցիները պատմում են, որ կամուրջները հաճախ են փլվում քարի հանքի բեռնատարների պատճառով։ Շուկա գնացող գյուղացիներն ստիված են «Մեյմանդար» հասնել շրջանցող ճանապարհով՝ Սիս գյուղով։ Չնայած շարժը ակտիվացել է, անվտանգության որևէ միջոցներ չեն ձեռնարկվել երկաթգծի անցումի վրա։
Epress.am Լուրեր Հայաստանից