Home / Բնապահպանություն / ԱԲ կենտրոնը Հրազդանում կբացվի առանց բնապահպանական փորձաքննությունների

ԱԲ կենտրոնը Հրազդանում կբացվի առանց բնապահպանական փորձաքննությունների

Firebird AI նորաստեղծ ընկերությունը նոյեմբերի 20-ին հայտարարեց, որ պատրաստվում է Հայաստանում կառուցել Արհեստական բանականության (ԱԲ) գերժամանակակից կլաստեր։ Լուրն ընկալվում է որպես մեծ ձեռքբերում։ Սա առաջին 500 միլիոն դոլարի ամերիկյան ներդրումն է, որն արվում է TRIPP-ի կոնտեքստում ձեռք բերված հայ-ամերիկյան պայմանավորվածությունների շրջանակներում։ Firebird AI-ը բերելու է Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ սերվերներ և 6144 հատ NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներ (GPU)։ Ներդրումային կայքերը գրում են, որ ԱՄՆ-ն այս պրոցեսորներից շատ քչերին է տալիս։

Էյֆորիայի ֆոնին չեն քննարկվում հետևանքները, որոնք ԱԲ-ի նման մեծ գործարանը կարող է ունենալ. մասնավորապես, անտեսվում են բնապահպանական և մարդկանց առողջության վրա ազդեցության ռիսկերը։ Մինչդեռ նման ռիսկեր կան՝ դատելով այլ երկրներում ԱԲ կենտրոնների փորձից։ 

Ամպերը երկնքում չեն 

Տվյալների կենտրոնները թվային տնտեսության վերացական շարժիչներ չեն։ Թեև դրանք կոչվում են «ամպեր» (clouds), դատակենտրոնները շատ նյութական են։ Դրանք զբաղեցնում են հսկա շինություններ, որտեղ մեքենաները գործարկվում են շուրջօրյա ռեժիմով՝ ծախսելով ահռելի քանակի էներգետիկ և բնական ռեսուրսներ։ ԱԲ կենտրոնների էլեկտրաէներգիայի ծախսը համեմատվում է ավիացիայի և ծանր արդյունաբերության ծախսատարության հետ։ 

Firebird AI-ը Հայաստանում հիմնելու է 100 մեգավատ հզորությամբ կայան։ Այն տարեկան սպառելու է մոտավոր հաշվարկներով 876 գեգավատ/ժամ էլեկտրականություն միայն սերվերների համար։ Սա Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 12-13 տոկոսն է․ մոտ այնքան, որքան սպառում է 120.000 բնակչություն ունեցող քաղաքը, հաշվարել է Еurasianet-ը։ Գործարանն իր հովացման և այլ համակարգերով, կծախսի ևս 5-10 տոկոս ավել էլեկտրաէներգիա։ Հարցը ոչ միայն էներգիայի քանակն է, այլև սպառման ձևը. ԱԲ պրոցեսորները հոսանքը ծախսում են ոչ ստաբիլ, օրինակ՝ մեծ կոնցենտրացիայով՝ ծրագրեր մոդելավորման ժամանակ։ Սա առաջացնում է տատանումներ, որոնք վնասում են մոտակա բնակավայրերում ապրողների էլեկտրական տեխնիկան։ 

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի պատասխանել Epress.am-ի հարցերին, թե արդյոք Firebird AI-ը դիմել է բաժանորդ դառնալու համար և ինչպես են իրենք ապահովելու ընկերության էկելտրամատակարարումը։ ՀԷՑ-ի ցանցը առանց այն էլ ունի վերազինման կարիք և չի դիմանում անգամ սովորական բաժանորդների ավելացմանը. Երևանում հովհարային անջատումները ՀԷՑ-ը բացատրում է հիպոտեկային բումով։

Eurasianet-ի տվյալներով, ԱԲ կենտրոնը նաև սպառելու է օրական մոտ 1 միլիոն 893 հազար լիտր ջուր։ Բնապահպանության նախարարությունից Epress.am-ին հայտնել են, որ Firebird AI-ը չի ներկայացրել Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթեր։ Ջրային կոմիտեում չգիտեն՝ որտեղից է ընկերությունը ջուր վերցվելու, արդյոք այն փակ համակարգով է օգտագործվելու, թե արտանետումներ են լինելու։ Այս հարցերն առաջանում են հատկապես միջազգային վատ փորձը ուսումնասիրելիս։ Օրինակ, Futurism թերթի հետաքննության համաձայն, Amazon ընկերության տվյալների կենտրոնից արտանետված ջրերի հետ է կապված ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում քաղցկեղի տարօրինակ տեսակների և երիկամային հիվանդությունների աճը։ 

Հայտարարվել է միայն, որ ԱԲ կենտրոնը բացվելու է Հրազդան քաղաքում՝ հաշվի առնելով Հրազդանում առկա էներգետիկ ենթակառուցվածքները։ Firebird AI-ը արդեն գնել է հողատարածքներ մասնավոր սեփականատերերից։ Հաշվի առնելով, որ ԱԲ կենտրոնները գեներացնում են ցածր հաճախականության ձայնային ալիքներ, որ կարող է ազդել մոտակայքում ապրող բնակչկության վրա, պետք է Հրազդանում անցկացվեին հանրային լսումներ։ Հրազդանի քաղաքապետարանից ասեցին, որ լսումներ չեն նախատեսվում և այլ մանրամասների իրենք չեն տիրապետում՝ «Միջազգային ընկերություն ա, իրենք գիտեն՝ ոնց կանեն, որ անվտանգ լինի»։

Հայտնի չէ նաև՝ որտեղ է ուտիլիզացվելու գործարանի թափոնները։ Տվյալների կենտրոնների տեխնիկան արագ է շարքից դուրս գալիս։ Դրանք փոխելու ստանդարտ ժամկետը 3-5 տարի է։ Ժամկետանց տեխնիկան էլեկտրոնային աղբ է, որ պարունակում է ծանր մետաղներ, դյուրավառ նյութեր, հազվադեպ հանածոներ, որոնք պահանջում են հատուկ պահպանում և վերամշակում։

500 միլիոնանոց ներդրողին ազատել են «բյուրոկրատական» ստուգումներից

Այսպես՝ Firebird AI-ին հաջողվել է շրջանցել բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման և թույլտվություն ստանալու բոլոր փուլերը միայն նրա շնորհիվ, որ խոստացել է 500 միլիոն դոլարի ներդրում և 50 կայուն աշխատատեղ։

Ինչպե՞ս է դա հաջողվել։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքը տարբեր գործունեություններ իրականացնողներից՝ սկսած հանքերից, հիդրոէլեկտրակայաններից մինչև խոզաբուծարաններ և թռչնաֆաբրիկաներ, պահանջում է փորձաքննության ներկայացնել 29 տեսակի փաստաթղթերի փաթեթ. այդ թվում՝ ա) նախագծի ռեսուրսային պահանջների, օգտագործվող նյութերի, տեխնոլոգիական գործընթացների, արտանետումների, արտահոսքերի, թափոնների, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների և արտակարգ ու վթարային իրավիճակների հնարավոր ռիսկերի նկարագրության մասին,

բ) բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումների, դրանց արդյունավետության, բավարարության ու ծախսերի մասին, գ) մարդու առողջությանը հասցվող վնասի գնահատման և հատուցելիության ճանաչման մասին։ 

Գուցե Firebird AI-ը չի ներկայացրել այս բոլոր փաստաթղթերը, որովհետև 2014 թվականին ընդունված օրենքը իր ցանկի մեջ չի նշում Արհեստական բանականության կենտրոնները որպես ենթակա ոլորտ. 2014 թվին նման արդյունաբերություն չկար։

Firebird AI-ին հաջողվում է «խուսափել բյուրակրատիայից», քանի որ նրան օգնում է «Ներդրումների աջակցման կենտրոն» պետական հիմնադրամը, որը խորհրդատվական կառույց է ներդրողներին Հայաստանում աջակցելու համար։ Թեև Արհեստական բանականության կենտրոնի մասին լուրերը հաղորդում է Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, մեր հարցումներն այն ուղարկել է հենց այս պետական ֆոնդին։ Բայց «Ներդրումների աջակցման կենտրոնը» չունի մեխանիզմներ ներդումային ծրագրերի սոցիալական և բնապահպանական ազդեցությունը գնահատելու համար։ «Մենք օգնում ենք ներդրողներին և փորձում ենք վերացնել բյուրոկրատական բոլոր խոչընդոտները», – Epress.am-ին ասել է ֆոնդի ներկայացուցիչը։ «Ներդրումների աջակցման կենտրոնը» հրաժարվել է հաղորդել նախագծի հաշվարկների մասին տեղեկատվություն։

Firebird AI-ի կայքը պնդում է, որ Երևանում ունի գրասենյակ, սակայն կայքում չկա գրասենյակի հասցեն կամ հեռախոսահամարը։ Epress.am-ը գրել է միակ հասանելի կոնտակտային տվյալով՝ էլեկտրոնային հասցեով, և պատասխան չի ստացել։ Ընկերությունը չունի ԱԲ կայան կառուցելու փորձ։ Ընկերության մասին քիչ բան է հայտնի՝ միայն այն, որ դրա հիմնադիր ֆինանսավորողներից է սփյուռքահայ Նուբար Աֆեյանը։

Տեխնոլոգիական զարգացումը լավ է, բայց դրան միանալը միայն միջազգային ներդրողներ ներգրավելով չի։ Հատկապես, երբ ներդրողները գուցե իրենց պատճառներն ունեն Հայաստան տեղափոխվելու։ ԱՄՆ-ում 16 ԱԲ կենտրոններ փակվել են՝ տեղական բնակչության բողոքներից և բնապահպանական հետևանքներից հետո, բնապահպանական խմբերը պահանջում են ԱՄՆ կոնգրեսից դադարեցնել նոր ԱԲ կենտրոնների կառուցումը ԱՄՆ—ում։ Հայաստանի կառավարությունը պետք է ստեղծի տվյալների կենտրոնների տեղակայման և գծագրման (զոնավորման) հատուկ կարգավորումներ։ Պետք է սահմանվեն շինարարական սահմանափակումներ՝ պահպանվող բնական տարածքներում, ինչպես նաև ջրային սահմանափակ ռեսուրսներով և բարձր կենսաբազմազանությամբ շրջաններում։ Նվազագույն հեռավորության պահանջների սահմանումը՝ բնակելի տարածքներից, կնվազեցնի աղմուկի և ջերմության ազդեցությունը մոտակա համայնքների վրա։ Նոր նախագծերի հաստատման գործընթացը պետք է ներառի ինչպես համայնքային, այնպես էլ մարզային մասնակցություն՝ հանրային լսումների միջոցով և փաստաթղթերի հասանելիությամբ, այլ ոչ թե անակնկալ հայտարարություններով՝ գործարքի ավարտից հետո։