Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր կարծիքը հայտնեց սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի և այդ պատարագին հայկական կողմի մանսակցության առնչությամբ:
Նրա կարծիքով` յուրաքանչյուր պետություն ինչ-որ միջոցառում կազմակերպելուց այն ծառայեցնում է սեփական շահերին, և դա չպետք է զարմանալի թվա, մանավանդ թուրքերի պարագայում, քանի որ նրանք սկսած 1991 թվականից Հայաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական քաղաքականություն են վարում:
Ինչ վերաբերում է հայկական կողմի մասնակցությանը, ապա քաղաքագետը դա բավական նուրբ հարց է համարում:
«Թուրքերն ի լուր աշխարհի հայտարարել են, որ հրավիրել են հայկական կողմին: Հիմա չգնալու դեպքում, եթե խոսքը շահարկելու մասին է, կշահարկեն, գնալու դեպքում նույնպես են շահարկելու, հիմա պետք է հաշվել, թե որ դեպքում ավելի քիչ կշահարկեն, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք: Կարծում եմ` ոչ բարձր մակարդակի պատվիրակությամբ, բայց, այնուամենայնիվ, պետք է գնալ, ներկայանալ, բայց զուսպ լինել, նախորդ անգամվա պես շոուի մասնակից չդառնալ»,- խորհուրդ է տվել Չաքրյանը:
Բանախոսը տարօրինակ էր համարել հայկական պատվիրակության ոգևորվածությունը նախորդ այցից հետո, երբ Աղթամարի վրա խաչը չդրվեց: «Որ գնացել էին, չէի՞ն տեսել, որ խաչը չկար», – զարմանքով ասել է թուրքագետը: