ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ երբ ռուսական կողմը գնացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագրի փոփոխությանը, հաշվի է առել այն հանգամանքը, որ Հայաստանի անվտանգության գլխավոր օրակարգային խնդիրը Ղարաբաղն է:
«Քաղաքական պայմանները առաջադրում են նաև քաղաքական մոտեցումներ», – նշել է Սահակյանը: Նրա խոսքով, պայմանագրում արձանագրված է, որ ռուսական զորքերը նաև Հայաստանի անվտանգության խնդիրներին զորավիգ կլինեն, իսկ Հայաստանի անվտանգությունը, ըսն նրա, կապված է Ղարաբաղի հիմնախնդրի հետ:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված պայմանագիրը ճնշում է հանդիսանում տարածաշրջանի այն պետությունների համար, որոնք հակամարտությունները տանում են դեպի պատերազմ:
Այն հարցին, թե ինչու է պայմանագիրը երկարաձգվում հենց այդ ժամկետով` կազմելով 49 տարի, Սահակյանը դժվարացավ պատասխանել:
Ամեն դեպքում նա նշեց, որ պայմանագրի երկարաձգման պատճառներից են նոր ծրագրերը, որոնք տևական ժամանակ են ենթադրում:
«Սա նաև Ռուսաստանի համար երաշխիք է այն տնտեսական փախհարաբերությունների ծավալների, որոնք առաջիկայում իրողություն են դառնալու»:
Այս համատեքստում, նրա կարծիքով, կարելի է առանձնացնել ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը և Իրան-Հայաստան երկաթգծի ներդրումային քաղաքականությունը: