Րոպեներ առաջ Երևանի Ավան թաղամասում հանդիսավոր կերպով բացվեց Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնն ու ֆուտբոլային ակադեմիան: Բացման արարողության համար Ժնևից այսօր ժամանել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին Տեխնիկական կենտրոնը բացված է հայտարարել:
Հիշեցնենք, որ 2007թ. հոկտեմբերի 16-ին Տեխնիկական կենտրոնի հիմնաքարը դրել էին հենց Միշել Պլատինին և ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Միշել Պլատինիին հանձնեց Պատվո շքանշան:
Հիշեցնենք, որ Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար: