«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ օրաթերթի լրագրողի վրա հարձակվել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սրագսյանը:
Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներով երեկ շատ արագ լիկվիդացրել են կարավարության շենքից, որտեղ ընթանում էր ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան: Բանն այն է, որ նիստը սկսվելուց մոտ 15 րոպե անց Սաշիկ Սարգսյանը դուրս է եկել դահլիճից ու մտել բուֆետ, ուր մի աման ձմերուկի շուրջ մտերմիկ զրույցի է բռնվել ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Սարիբեկյանի և Խաչիկ Մանուկյանի հետ: Ենթադրվում է, որ զրույցը եղել է Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի» շուրջ, որն այժմ սնանկացման եզրին է (ըստ մամուլի հրապարակումների` Մանուկյանը Սաշիկ Սարգսյանին առաջարկել էր համատեղ բիզնես անել և «Լուսակերտով» գրավել ողջ շուկան , բայց գործարքը չէր կայացել, Քանի որ Սարգսյանն ասել էր, թե Հայաստանում բիզնես անելու ցանկություն չունի): Տեսնելով պատգամավորների այս մտերմիկ զրույցը` մեր թղթակիցը սկսել է նկարել նրանց: Դա, սակայն, Սաշիկ Սարգսյանին կատաղության է հասցրել: «Արա, էս ի՞նչ ես անում»,- տեղից ձայն է տվել Սերժ Սարգսյանի եղբայրը: «Պատմություն եմ նկարում». Մեր թղթակցի այս պատասխանից հետո Սաշիկ Սարգսյանը կատաղած արձագանքել է. «Ինչի՞ ես նկարում, քեզ ո՞վ ա թողել, հարցրե՞լ ես, որ նկարում ես, ջնջի հլը: Այ քեզ բան»: Ու երբ «ՀԺ» թղթակիցն ասել է` «ի՞նչ», Սաշիկ Սարգսյանը գոռալով` «զահրումար», բռունցքները վեր պարզած, տեղից վեր է ցատկել ու հարձակվել լրագրողի ուղղությամբ: Նրա ձեռքերը, սակայն, «տեղ չեն հասել»: «Ազատիչ, Ազատիչ». պաղատական տոնով գոռալով, տեղից վեր է ցատկել պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, բռնել Սաշիկ Սարգսյանի ձեռքերն ու նրան մի կերպ հետ պահել` զուգահեռ «ՀԺ» թղթակցին խնդրելով. «Գնա, քուրիկ ջան, գան ստեղից»: Սարգսյանին, որն արդեն անցել էր հայհոյանքների, մի կերպ նստեցրել են տեղը, ինչից հետո մի քանի ՀՀԿ-ականներով նրան տարել են կառավարության շենքից դուրս: Ողջ օրվա ընթացքում ոչ Սաշիկ Սարգսյանը, ոչ Խաչիկ Մանուկյանն ու Կարեն Սարիբեկյանը այդպես էլ չեն վերադարձել կառավարության շենք` մասնակցելու ԱԺ քառօրյային: Իսկ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ միջադեպին բավական հուսահատորեն արձագանքել են միայն. «Արա, էս մարդը մեր «ՉՊ»-ն է»: