Home / Հայաստան / 95 տարի ընդմիջումից հետո Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց

95 տարի ընդմիջումից հետո Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց

Սեպտեմբերի 19-ին հազարավոր հայեր` աշխարհի տարբեր ծայրարից, հավաքվել էին Վանա լճի Աղթամար կղզում, որտեղ գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում 95 տարի ընդմիջումից հետո պատարագ մատուցվեց:

Տասնյակ կիլոգրամներ կշռող երկաթե խաչը,  որի շուրջ վերջին օրերին լուրջ քննարկումներ էին ծավալվում, տեղադրվել էր եկեղեցուց դուրս: Տասնյակ հայեր մոտենում էին խաչին, համբուրում այն, արտասվում, աղոթում:

Նրանց համար, ովքեր ֆիզիկապես չէին կարողացել մտնել եկեղեցի, պատարագը ի տեսագրություն ցուցադրվում էր տարածքում տեղադրված մեծ հեռուստաէկրանի վրա:
Պատարագը, որը մատուցեց Պոլսի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ արքիեպիսկոպոս Արամ Աթեշյանը, մոտ երկու ժամ տևեց:

Արամ Աթեշյանն իր խոսքում նշեց, որ պատարագը չափազանց կարևոր իրադարձություն է, և Սուրբ Խաչ եկեղեցու պահպանումը և հաջորդ սերունդներին փոխանցումը անհրաժեշտություն են:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Թուրքիայի Հանրապետությանը` եկեղեցին վերանորոգելու և պահպանելու համար:

Նշենք, որ, համաձայն Թուրքիայի մշակույթի նախարարության որոշման, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի յուրաքանչյուր տարի մեկ անգամ, իսկ խաչը գմբեթին կտեղադրվի անհրաժեշտ աշախատանքների ավարտից հետո: