Երեկ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկում ավարտված Համաշխարհային Շախմատային օլիմպիադայում անհատական մրցանակների համար պայքարում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից աչքի ընկավ Լևոն Արոնյանը:
Նա լավագույններից մեկն էր առաջին տախտակների մրցապայքարում: 10-ը հնարավորից Արոնյանը վաստակեց 7,5 միավոր և զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջին խաղատախտակին լավագույնը հաղթող թիմի առաջատար ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր, ով դարձյալ 10-ը հնարավորից վաստակեց 8 միավոր: Ցավոք, մեր առաջատարի հաջող ելույթին չկարողացան ըստ արժանվույն աջակցել մեր մյուս շախմատիստները: Երկրորդ խաղատախտակների մրցապայքարում Վլադիմիր Հակոբյանը չընդգրկվեց լավագույն 20 շախմատիստների ցանկում, Հայատսանի հավաքանի երրորդ համարը` Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 6 միավոր և 3-րդ համարների ցանկում հայտնվեց 13-րդ տեղում: Ավելի լավ հանդես եկավ մեր թիմի նորեկը` Արման Փաշիկյանը, ով 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 4-րդ խաղատախտակներին հանդես եկող գրոսմայստերների շարքում զբաղեցրեց 9-րդ տեղը:
Կանանց մրցապայքարում Էլինա Դանիելյանը, 11 պարտիայում վաստակելով 7,5 միավոր, առաջին համարների շարքում գրավեց 11-րդ տեղը, իսկ երկրորդ համարների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 7 միավորով գրավեց 10-րդ տեղը: