Home / Հայաստան / Ադրբեջանցի լրագրողը բանտում է, չնայած դատարանի որոշմանը

Ադրբեջանցի լրագրողը բանտում է, չնայած դատարանի որոշմանը

Միջազգային PEN ակումբի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին` ազատազրկելու փաստը:  Նշենք, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը, քննարկելով լրագրողի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը, որոշում է կայացրել ազատ արձակել Ֆաթուլաևին, սակայն լրագրողը մինչ այս պահը գտնվում է բանտում:

Ակումբի ներկայացուցիչները ադրբեջանական իշխանություններին կոչ են անում հաշվի նստել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հետ, համաձայն որի Ֆաթուլաևը պիտի ազատ արձակվեր:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010 թվականի ապրիլի 22-ին քննել է ձերբակալված Էյնուլ Ֆաթուլաևի գործը: Դատարանը, հիմնվելով Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հռչակագրի դրույթների վրա, որոնք խախտվել են Ֆաթուլաևի դեմ քրեական գործ հարուցելու պատճառով, պահանջել է անմիջապես ազատ արձակել լրագրողին: Ֆաթուլաևը այս որոշումից հետո 6 ամիս շարունակում է բանտում մնալ:
Հիշեցնենք, որ Էյնուլա Ֆատուլաևը ձերբակալվել էր 2007 թվականի ապրիլի 20-ին` իր «Ղարաբաղյան օրագիր» հոդվածների հավաքուծով Խոջալուի բնակչությանը վիրավորելու մեղադրանքով, ինչի հետևանքով դատապարտվել էր 2 տարի և 6 ամիս ազատազրկման:

Ձերբակալումից հետո լրագրողին այլ մեղադրանքներ էլ էին առաջադրել և 2007 թվականի հոկտեմբերի 30-ին ընդհանուր առմամբ Ֆատուլաևը 8 տարի և 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել:  2009 թվականի դեկտեմբերի 30-ին բանտում Ֆատուլաևի մոտ 0,223 գրամ հերոին էին հայտնաբերել, ինչի կապակցությամբ նոր քրեական գործ էր հարուցվեր, որի ավարտին դատարանը Ֆատալաևի ազատազրկման ժամկետը 2 տարի 6 ամսով երկարացրել էր: