Օրաթերթը գրում է Սերժ Սարգսյանի` Լիսաբոն չմեկնելու պատճառի մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատճառաբանելով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձևակերպումը, հրաժարվել է մասնակցել այսօր Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այդ առնչությամբ արած իր պարզաբանման մեջ շեշտել է, թե Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որը նաև մեր երկրի ազգային անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է, բայց Հայաստանը կարևորում է իր համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»: