Հետխորհրդային տարածքում ղեկավարող բռնապետական համակարգերը հաճախ Ռուսաստանի աջակցությունն են ստանում, այնինչ այժմ Ռուսաստանը լուրջ բարեփոխումների եզրին է: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին տեսահաղորդագրության մեջ:
Ի՞նչ է սպասվում հետխորհրդային տարածքում բռնապետական պետությունններին, ինչպիսին Ադրբեջանն է, եթե Ռուսաստանում քաղաքական բարեփոխումներ տեղի ունենան: Հարցի պարզաբանման համար «Ազադլիղ» թերթը դիմել է ադրբեջանցի քաղաքագետներին:
Քաղաքագետ Էլդար Նամազովի կարծիքով` Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն ազդում են նաև Ադրբեջանի վրա: Ռուսաստանի վրա հենվող ԱՊՀ բռնապետական ռեժիմների համար փոփոխությունները պետք է ահազանգ լինեն: «Ադրբեջանի իշխանությունները, որոնք սիրում են կրկնել ռուսական կառավարման մեթոդները, այժմ պետք է մտածեն այն մասին, որ Կրեմլն ինքն է հրաժարվում կառավարման նախկին ձևերից»:
Քաղաքական փորձագետ Զաֆար Գուլիևն էլ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը շեղվել է զարգացման լիբերալ ուղուց Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների պատճառով, իսկ վերջին տարիներին երկրում ճնշվել են ժողովրդավարության հնարավորությունները: Այս գործընթացները հանգեցրել են նրան, որ 2010 թվականի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում այլևս բազմակարծիք օրենսդիր մարմին չկա:
«Բայց եթե Ռուսաստանում փոփոխություններ տեղի ունենան, ապա այդ դեպքում Մոսկվայի վրա հենվող բռնապետական ռեժիմները, այդ թվում` Ադրբեջանը, ընտրության առջև կկանգնեն: Դրանք կամ պետք է բարեփոխումների գնան, կամ էլ ավելի կոշտացնեն կառավարման ձևը: Այնինչ երկրորդ դեպքում նրանք կկանգնեն միջազգային ժողովրդավարական հանրության առջև, քանի որ Ռուսաստանն այլևս նրանց չի աջակցի»,- ասել է Գուլիևը: