Home / Армения / «Բարսելոնան» վերջապես հաղթեց «Ռուբինին». Մխիթարյանի թիմը կխաղա այսօր

«Բարսելոնան» վերջապես հաղթեց «Ռուբինին». Մխիթարյանի թիմը կխաղա այսօր

16 թիմերի համար երեկ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարը: Չորս խմբերում անցկացվեցին վերջին հանդիպումները, սակայն խմբերից միայն մեկում դեռևս չէր որոշվել փլեյ-օֆ փուլի մասնակիցներից մեկը:

D խմբում ռուսաստանյան «Ռուբինը» տեսականորեն դեռևս պահպանում էր 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: Կազանի ակումբը պետք է մրցակցի հարկի տակ հաղթեր «Բարսելոնային» և սպասեր, որ դանիական «Կոպենհագենը» պարտության չի մատնի հունական «Պանատինաիկոսին»: Երկու դեպքում էլ «Ռուբինի» հույսերը չիրականացան. դանիացիները 3:1 հաշվով հաղթեցին, իսկ կազանցիները պարտություն կրեցին «Բարսելոնայի» կիսապահեստային կազմից 0:2 հաշվով:

Նշենք, որ սա «Ռուբինի» հետ վերջին երկու տարիների ընթացքում կայացած 4 խաղերում սա «Բարսելոնայի» առաջին հաղթանակն էր: Մինչ այդ կատալոնացիները մեկ անգամ պարտվել էին սեփական հարկի տակ, և երկու անգամ ոչ-ոքի խաղացել Կազանում:

Այսպիսով, A, B, C և D խմբերից 1/8 եզրափակիչ դուրս եկան անգլիական «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Վալենսիան» և «Բարսելոնան», գերմանական «Շալկե 04»-ը, ֆրանսիական «Օլիմպիկը» (Լիոն), իտալական «Ինտերը» և դանիական «Կոպենհագենը»:

Մյուս չորս խմբերի հանդիպումները կկայանան այսօր: Դոնեցկի «Շախտյորը», ուր հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեփական հարկի տակ կընդունի «Բրագային»: Հաջորդ փուլ դուրս գալու համար Մխիթարյանի թիմին հարկավոր է չպարտվել 0:3 –ից ավելի խոշոր հաշվով: