Ռուսաստանին պետք է զրկել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում միջնորդի դերից, «Խավթա իչի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի «Ազատ հանրապետականներ» կուսակցության ղեկավար Քամիլ Սեյիդովը:
Նրա խոսքերով` Մոսկվայի քայլերը չեն համապատասխանում միջնորդի կարգավիճակին. «Կրեմլը փորձում է դժվար իրավիճակից փրկել Հարավային Կովկասում իր ամենամոտ դաշնակցին, ինչի մասին վկայում է Մոսկվայի և Երևանի միջև կնքված ռազմակայանի տեղակայման ժամկետի մասին համաձայնագիրը:
Ըստ քաղաքական գործչի` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են իրենց անաչառ դիրքորոշման մասին երկու կողմերի նկատմամբ:
«Մոսկվայի վերջին քայլերը, սակայն, վկայում են այդ սկզբունքի խախտման մասին: Սա առաջին դեպքը չէ, երբ Կրեմլը ցանկանում է Երևանին հանել ծանր կացությունից: Մոտ մեկ տարի առաջ համանախագահներն առաջարկեցին Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը: Ադրբեջանն «այո» ասաց խնդրի հավանական լուծմանը` հիմնված այս սկզբունքների վրա: Բայց մինչ օրս Երևանը կոնկրետ դիրքորոշում չի ցուցաբերել այս հարցի նկատմամբ: Այս գործոնը Հայաստանին անելանելի դրության մեջ դրեց, իսկ Ռուսաստանը փորձեց օգնության հասնել` Սանկտ-Պետերբուրգում մի շարք առաջարկներով հանդես գալով: Իսկ այժմ Հայաստանը համառորեն պնդում է, որ բանակցություններն այդ առաջարկների հիման վրա ընթանան»:
Ըստ Սեյիդովի` Մոսկվան նաև փորձում է հավասարակշռություն ստեղծել Բաքվի և Երևանի միջև: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեի աճն օրակարգային հարց է դարձնում ղարաբաղյան խնդրի` ռազմական ճանապարհով լուծումը: Սա Երևանին մտահոգվելու առիթ է տալիս, որից ազատվելու և պատերազմը կանխելու համար Մոսկվան զինում է Հայաստանը: