Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մտահոգիչ է համարել Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման փաստը:
«Միշտ էլ մտահոգիչ է, երբ երկրորդ երկրի ռազմաբազան տեղադրվում է ցանկացած երկրում: Սա լավ բան չէ», – այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է Սահակյանը:
Այնուամենայնիվ, ըստ ԱԺ պատգամավորի, աշխարհում գոյություն ունի մի մոդել, որը կարողանում է այդ աշխարհը «հավասարակշռել»:
«Մենք քննարկելու որևէ խնդիր չունենք, որովհետև պայմանագիրն արժևորվում է ոչ միայն Հայաստան-Ռուսաստան պայմանագրերի ընդհանուր կոնտեքստով, այլ տարածաշրջանային արժևորում ունի»:
Գալուստ Սահակյանի խոսքով` պարզից էլ պարզ է, որ Հարավային Կովկասում դարեր շարունակ պայքար է գնում Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
«Բնականաբար, մեզ համար պիտի նախընտրելի լինի Ռուսաստանը և ոչ թե Թուրքիան», – համոզված է պատգամավորը:
Նրա կարծիքով` Թուրքիան տարիներ շարունակ բարձրաձայնում էր իր նկռտումները` Հարավային Կովկասի հետ կապված, իբրև թե «արյունոտ ձեռքերով պիտի կարողանա խաղաղություն ապահովել, փոխհարաբերությունների նոր մտնոլորթ ստեղծել»:
Բայց Ռուսաստանը, կարծում է Գալուստ Սահակյանը, ավելի վճռական գտնվեց: