Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը:
Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի հատկանիշներով /խուլիգանություն/, իսկ Սարգիս Գևորգյանին` 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն/:
Հիշեցնենք, որ երիտասարդները մայիսի 31-ին փորձում էին զբոսնել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները նրանց և ևս 15 հոգու, այդ թվում` երեք լրագորղների, բերման էին ենթարկել ոստիկանության բաժին:
Այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին գործով անցնող տուժող Արկադի Բաղդասարյանը, ով ոստիկանության ՊՊԾ ծառայությունից է, և երեք վկաներ` նույն ծառայությունից:
Բաղդասարյանն իր ցուցմունքում նշեց, որ Դավիթին ոստիկանություն բերման են ենթարկել խուլիգանության համար, սակայն դժվարացավ որևէ կոնկրետ դրվագ հիշել, իսկ ինչ վերաբերում է Սարգիս Գևորգյանին, ապա նրա մասով տուժողն ասաց, որ Գևորգյանը պոկել իր ուսադիրը: Վկաներից միայն մեկը` Արսեն Գրիգորյանը, մոտավորպես հավաստեց այդ փաստը:
Վկաների պնդմամբ` երիտասարդներն իրենց հայհոյել են, սակայն պաշտպանների հարցին, թե կոնկրետ ինչ արտահայտություններ են լսել իրենց հասցեին, չկարողացան պատասխանել` նշելով, որ քաշքշուկի ժամանակ 100-ից ավելի մարդ է եղել, որոնք աղմկում էին, և դժվար էր որևէ կոնկրետ բան լսել:
Դատավարության ժամանակ որոշ հակասական մտքեր հնչեցին: Վկաները հիմնականում հերքում էին այն փաստը, որ ոստիկանների և ժողովրդի միջև հրմշտոց է տեղի ունեցել, մինչդեռ վերջին վկան` Արզուման Սոֆանյանը, ով Քիրամիջյանին բերման ենթարկողներից էր, վկայություն տալու ժամանակ ասաց, ոի իրենք «բրթբրթելով ճանապարհ էին բացում, որ Դավիթին տանեն»:
Նշենք, որ այսօր դատարան չեն ներկայացել գործով անցնող մեկ այլ տուժող Վարզդատ Թադևոսյանը և վկաներ Լուսինե Թադևոսյանը, Լիլիթ Գևորգյանը, Ռուբեն Այվազյանը: Մեղադրող կողմն այդ առնչությամբ միջնորդեց նրանց բերման ենթարկել դատարան և լսել նրանց ցուցմունքերը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 9-ին, ժամը15.00-ին: