Ինքնության խորքային շերտերի ծածկված կամ բաց լինելու հանգամանքը անձի ընտրությունն է: Այսպես են կարծում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում սեպտեմբերի 2-ին բացված «Բազմաշերտ ինքնություն և հասարակական կառույց» խորագրով ցուցահանդեսի կամզակերիչները:
«Յուրաքանչյուր անհատ ունի իր ինքնության ծածկված և բացահայտ շերտերը: Ոմանք թաքնված են և փակ անհատական ընտրությամբ և ցանկությամբ, ոմանք հասարակական տաբուների պատճառով, և ուրիշները պարտադրված` հասարակակա-քաղաքական ճնշումների միջոցով»,- Epress.am-ի հետ զրույցում նշել է ցուցահանդեսի համադրող Սոնիա Պալասանյանը:
Ինչպես նշեց Պալասանյանը, ցուցահանդեսում ներկայացված են հայաստանցի և իրանցի արվեստագետների գործեր, ովքեր իրենք են ընտրել թեման և աշխատել:
«Օրինակ, իրանցի Ալի Անսարին իր պետության մասին է խոսում, կանանց իրավունքներից է խոսում: Նրա հայրենակից Սեփիդեն իր գործով ասում է, որ Իրանում իրենք բանտի մեջ են, ուզում են թռչել, բայց չեն կարող, իսկ նրա գործում առկա հայելիները դիտողին ցույց են տալիս, որ նա էլ բանտի մեջ` իր արտացոլանքն է տեսնում ճաղերի հետևում բանտարկված: Անջելան նույնպես քաղաքական երանգ է հաղորդել իր գործին. նա ասում է` մարդիկ անընդհատ ուզում են վեր բարձրանալ, բայց ինչ-որ վայրկյանի անսպասելիորեն վայր են ընկնում: Թաթուլ Սարոյանն էլ ասում է` ես ազատություն եմ ուզում, ես հոգնել եմ ակադեմիական ձևերից, ուզում եմ պարզապես խզբզել: Այս տղան մի ամիս պատի վրա աշխատեց»,- պատմել է Սոնիա Պալասանյանը:
Ինչ վերաբերում է մոտ ապագայում ՆՓԱԿ-ում նախատեսվող ցուցահադեսներին, ապա արվեստի համադրող Սեդա Շեկոյանն Epress.am-ին ասել է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՆՓԱԿ-ը նախաձեռնում է հասարակական ակտիվիստների և արվեստագետների համատեղ ցուցահանդես, որոնք անդրադառնալու են Հայաստանում հատկապես վիրտուալ տարածքներից սկիզբ առած հասարակական նախաձեռնություններին:
«Դրանք են` օտարալեզու դպրոցների հարցը, ուսանողական այգի, բանակի դեպքերը, որը որպես նախաձեռնություն ձևակերպված չէ, բայց ակտիվության միջոցով հասարակական հնչեղություն ստացավ: Արվեստագետներից Գարիկը Ենգիբարյանը և Էդգար Ամրոյանն արել են արդեն բանակի խնդիրների հետ կապված գործ, որը կոչվում է ինքնասպան զինվոր: Այդ գործն արվեց հանրային տարածքում, և, ինչպես հայտնի է, այն ջնջվեց, ու ստացվում է այնպես, որ սպանված զինվորը սպանվում է նաև նկարի տեսքով: Նման հասարակական-քաղաքական թեմաներին են անդրադառնալու արվեստագետները նոյեմբերյան ցուցահանդեսի ժամանակ»,- ասել է Սեդա Շեկոյանը: