Հայաստանի Արտգործնախարարության ոչ հարձակվողական և ոչ հեռանկարային քաղաքականության պատճառով ևս մեկ անգամ դեժավյու ենք վերապրում: Նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` խոսելով Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացվող բանաձևի մասին:
«Ստացվում է հետևյալը. ադրբեջանցիներն ամեն անգամ ներկայացնում են նոր բանաձև, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը բավարարվում է մի հերթապահ հայտարարությամբ», – ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով` ցանկացած դիրքորոշում մնում է լոկ հայտարարություն, մինչդեռ քաղաքական դիրքորոշումը պետք է արտահայտվի դիվանագիտական նոտայի միջոցով:
Սարգսյանը հարց է բարձրացրել` ինչո՞ւ Հայաստանը չի ներկայացնում նմանատիպ բանաձևեր. «Հարցը մնում է անպատասխան, որովհետև մեր դիվանագիտական նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքում այդ հայտարարություններին: Գոնե մեկ անգամ հստակ պատասխան տար, թե ինչու հայկական կողմը ինքը չի այդ նախաձեռնողը»:
ՀԴԿ նախագահն անդրադարձավ նաև օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի տարածք ադրբեջանցիների ներխուժմանը. «Հայկական կողմը պետք է ոչ թե Հ1-ի օպերատորների և ռեժիսորների նման շատ անհասկանալի ռեպորտաժ պատրաստեր, այլ դա դարձներ ամբողջ աշխարհին ներկայացվելիք մի ֆիլմ և համոզիչ փաստերով ներկայացներ, թե ինչ են անում ադրբեջանցիները»:
Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմի մեջ է, իսկ հիմա անընդհատ ստացվում է, որ հայկական կողմը փորձում է բացատրել, որ այդ սադրանքների հեղինակն ինքը չէ:
«Այս առումով ենք մենք ամեն անգամ մեր դժգոհությունը հայտնում արտաքին գործերի նախարարության աշխատանքից», – եզրափակեց ՀԴԿ նախագահը: