Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմակայանի առկայությունն ավելի կարևոր նպատակներ է հետապնդում, քան միայն Հայաստանի անվտանգության ապահովումը, և տարօրինակ է, որ Երևանում դա չեն հասկանում: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի վերլուծաբան Էլմիրա Թարիվերդիևան:
Նրա խոսքերով` Գյումրիում ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումով Ռուսաստանը Արևմուտքին և այլ պետություններին հասկացնում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը չի կարող օգտագործվել Իրանի դեմ: Իրանին Մոսկվան ավելի անաչառ է վերաբերում, քան Վաշինգթոնն ու Եվրամիության երկրները:
«Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի առկայությունը ավելի լայն իմաստ ունի, քան Հայաստանի անվտանգության ապահովումը: Միամիտ կլինի կարծել, թե Մոսկվան կենտրոնացած է միայն Երևանի խնդիրների լուծման վրա: Որքան շուտ Հայաստանը համակերպվի այս մտքի հետ, այնքան կառուցողական կարող է մոտենալ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը, այդ թվում` հարևանների հետ կապված խնդիրների լուծմանը»,- Թարիվերդիևայի խոսքերն է մեջբերում Trend գործակալությունը: