Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա.Ղուկասյանը, ով մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Այս մասին հաղորդում է «Նոյան
Տապան» գործակալությունը:
Հայաստանի
հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ղուկասյանը թաքցրել է Երևանի բնակիչ Ռ.Ավոյանի կողմից անչափահասներ Գ.Ի.-ին և Ա.Մ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ դեպքը: Նա ներկայացրել է, թե իբր Գ.Ի.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել Ա.Մ.-ն և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար վերջինիս հորից շորթմամբ պահանջել և սեպտեմբերի 2-ին իր աշխատասենյակում ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: