Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ապակոդավորել ուղեղից եկող ազդանշանները և վերածել բառերի: Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները «գուշակում էին» այն բառերը, որոնք մարդն արտաբերում էր մտքում, գրում է РБК daily-ն: «Մտքեր կարդալու» ճշգրտությունը կազմել է 90%:
Յուտայի համալսարանի անձնակազմը փորձի ընթացքում 16 միկրոէլեկտրոդից բաղկացած 2 ճառագայթ է տեղադրել էպիլեպսիայի պատճառով հաղորդակցման խնդիրներ ունեցող կամավորների ուղեղի խոսքային կենտրոնում: Դրա հետ մեկտեղ օգտագործվել է 1մմ տրամագիծ ունեցող էլեկտրոդի նոր տեսակ, որը չէին մտցնում ուղեղի մեջ, այլ կպցնում էին վերևի մասում:
Այնուհետև գիտնականները նշված միկրոէլեկտրոդների օգնությամբ արձանագրել են ուղեղից եկող ազդանշանները այն ժամանակ, երբ մարդն արտասանում էր հետևյալ 10 բառերը՝ այո, ոչ, տաք, սառը, ուտել, խմել, բարև, ցտեսություն, շատ, քիչ:
«Այո»-ի և «ոչ»-ի դեպքում մոտ 90% պատասխանները ճիշտ են եղել: Մնացած բառերի ժամանակ ավելի դժվար է եղել, դրանցից որոշները ոչ միշտ է հաջողվել գուշակել:
Կամավորների արտաբերած բառերը բարձրաձայնում էր համակարգիչը: