911` 2001թ. ի վեր սա ոչ միայն ԱՄՆ փրկարար ծառայության համարն է, այլ նաև սեպտեմբերի 11-ի ահաբեկչության խորհրդանիշը: Ահաբեկչությունը, որից հետո աշխարհը սկսեց արագ փոփոխությունների ենթարկվել: 9 տարի անց ՄՄՆ-ը դեռևս փորձում է վերաիմաստավորել այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին:
Այս տարի սգո օրվանից առաջ օվկիանոսից այն կողմ թեժ բանավեճեր էր ծավալվել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ էր արտահայտվել ահաբեկչության վայրում մզկիթի կառուցմանը, իսկ Ֆլորիդայի եկեղեցու քահանան հայտարարել էր, որ այդ օրը վառելու է Ղուրանը: Իսլամական աշխարհի բողոքներից զատ, ԱՄՆ-ում վերջին հայտարարության պատճառով նույնպես լուրջ դժգոհություն էր բարձրացել, և եկեղեցականը որոշել էր չիրականացնել Ղուրանի այրելը:
Եվ այսպես ամեն տարի. սեպտեմբերի 11-ն առիթ է հանդիսնաում հասարակական հնչեղություն ստացած հասարակական և քաղաքական խնդիրները քննարկման համար: Բարաք Օբամայի օրոք մոտեցումները փոխվել են. սա առաջին սեպտեմբերի 11-ն է, երբ ԱՄՆ-ում ոչ թե խոսում են Իրաքում զորքերի տեղակայման կամ առկայության, այլ զորքերի բացակայության մասին: Բարաք Օբամայի այս քայլը նոր էջ է բացում հետսեպտեմբերյան պատմական իրադարձություններում, իսկ նման քայլի տարատեսակ մեկնաբանություններն ու կարծիքները վկայում են այն մասին, որ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ հասարակությունը լուրջ դասեր քաղեց և իմաստավորեց հազարամյակի սկզբի սարսափելի ողբերգությունը: