Home / Армения / Թուրքիայի իշխանությունները կարող էին կանխել Դինքի սպանությունը. եվրոպական դատարան

Թուրքիայի իշխանությունները կարող էին կանխել Դինքի սպանությունը. եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հրանտ
Դինքի գործով վճիռը հրապարակելով, մի շարք ուշագրավ եզրակացություններ է արել:

6 էջանոց դատական վճիռի առաջին երեք էջում
ներկայացված է գործի նախապատմությունը և Հրանտ Դինքի սպանության հետ կապված
մանրամասները:

Հաջորդ երեք էջերին ներկայացված է 7
դատավորների  (իտալացի Գուիդո Ռայմոնդի,
պորտուգալացի Իրենեու Կաբրալ Բարետո, բելգիացի Ֆրանսուազ Տուլկենս, սերբ
Դրագոլյուբ Պոպովիչ, հունգարացի Անդրաշ Սաջո, թուրք Իշիլ Կարակաշ, վրացի Նոնա
Ցոցորիա) որոշումը: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ դատարանն ի գիտություն
է ընդունել այն փաստը, որ Թուրքիայի անվտանգության մարմինները տեղյակ են եղել այն
ատելության մասին, որ առկա է Հրանտ Դինքի նկատմամբ ազգայնամոլների շրջանում:
Դատարանը նաև նշել է, որ Ստամբուլի դատախզության փաստերը վկայում են այն մասին, որ
թե Ստամբուլի և թե Տրապիզոնի ոստիկանությունը տեղյակ է եղել սպանության հնարավոր
փորձի մասին, և անգամ մոտավորապես տեղյակ են եղել չարագործների ինքնության մասին:

Իրենց տրամադրության տակ եղած նյութերի հիման
վրա դատարանը նաև պարզել է, որ երեք պաշտոնյաներից, որոնք նախապես տեղյակ են եղել
հնարավոր մահափորձի մասին, և ոչ մեկն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել այն
կանխելու համար:

Գործի քննության ընթացքում դատարանը պարզաբանել
է բազմաթիվ սխալներ կամ խախտումներ, որոնք տեղի են ունեցել Հրանտ Դինքի գործով
սպանության դատավարության ընթացքում: Դատարանի երզակացության մեջ նաև նշվում է, որ
Թուրքիայի կառավարությունը չի ապահովել Հրանտ Դինքի կյանքի իրավունքը: Ավելին` Թուրքիայի
կառավարությունը, թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանք առաջադրելով Հրանտ
Դինքին, նրան ակամա դարձրել է ազգայնամոլների թիրախ: Այդ հատվածում ևս մեկ անգամ
նշում է, որ Թուրքիայի իշխանություններն իմացել են սպանության մասին, սակայն ոչինչ
չեն ձեռնարկել Դինքին փրկելու համար:

Երկրորդ կետով դատարանն անդրադարձել է Հրանտ
Դինքի խոսքի իրավունքի սահմանափակմանը և Հրանտ Դինքի կողմից գրված Հայոց
Ցեղասպանության մասին հոդվածներին:

Դատարանը եկել է այն եզրակացության, որ
յուրաքանչյուր պետություն պարտավոր է այնպիսի միջավայր ստեղծել, որը կապահովի
խոսքի ազատ արտահայտությունը և հնարավորություն կտա հասարակական բանավեճ ծավալել
յուրաքանչյուր հարցի շուրջ: Ավելին, դատարանի կարծիքով` պետությունը ոչ միայն
չպետք է չմիջամտի կարծիքների ազատ դրսևորման դեպքերի ժամանակ, այլ հակառակը`
ապահովի մարդու ազատ կարծիք արտահայտելու իրավունքը և պաշտպանի անհատին
հարձակումներից: Դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Թուրքիան չի պահպանել
Հրանտ Դինքի խոսքի ազատության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև
հայտարարել է, որ Թուրքիան չի կարողացել ապահովել Հրանտ Դինքի դատավարության
արդյունավետ ընթացքը:

Ինչպես մենք ավելի վաղ հայտնել էինք, դատարանի
որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքին 100,000 եվրոյի չափով փոխհատուցում է հատկացվելու,
5,000 եվրո տրվելու է Հրանտ Դինքի եղբորը, ինչպես նաև
28,595 եվրո
գումար է հատկացվելու դատական ծախսերը փակելու համար: