Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ իրենք չեն բողոքարկելու Հրանտ Դինքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու հայցով մեղավոր է ճանաչել Թուրքիայի Հանրապետությանը: Երեկ հրապարակված որոշման համաձայն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է պետությանը 105,000 եվրո վճարել Դինքի ընտանիքին և 28,595 եվրո վճարել` դատական ծախսերը փակելու համար:
Թուրքական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, թե որքան ենք ցավում Դինքի սպանության պատճառով: Երանի հիմա նա մեզ հետ լիներ, կենդանի լիներ իր ծննդյան օրն ու տեսներ, որ մի քանի օր առաջ թուրք ժողովրդի գերակշռող մեծամասնությունը հավանություն է տվել նոր Սահմանադրությանը, որը հիմնված է մարդու իրավունքների վրա»:
Նախարարի խոսքերով` Թուրքիայի կառավարության պարտքն էր «անել ամեն ինչ` Հրանտ Դինքի անվտանգությունն ապահովելու համար»: