Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագը, դրան նախորդած և հաջորդած ամբողջ գործընթացն արդեն այսօր կարելի է անվանել թուրքական քարոզչական ֆիասկո, իսկ Վանի նահանգի համար` տնտեսական սպասումների ֆիասկո: Նման հայտարարությամբ այսօր ասուլիսին հանդես եկավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով` թուրքական շոուի նախատեսված սցենարը հիմնականում թերի մնաց` շնորհիվ նրա, որ հայ ժողովուրդը կարողացավ ավելի համախմբված պատասխան տալ:
«Բոլոր բողոքի ակցիաները, որ իրականացվեցին Հայաստանում և սփյուռքում, բավական ողջունելի էին, դրական և իրենց մեջ պարունակում էին լուրջ ենթատեքստ», – ասաց թուրքագետը: Նա հայտարարեց նաև, որ թուրքական շոուն նախատեսում էր հազարավոր հայ ուխտավորների մասնակցություն, ինչը, ըստ Մելքոնյանի, լուրջ խթան կհանդիսանար Վանի տնտեսական կյանքի համար:
«Այսօր Վանի կյանքում, իմ ստացած վերջին տեղեկություններով, տիրում է խորը հիասթափություն: Այն բիզնեսմենները, որոնց հավաստիացրել են, որ այցելելու են բազմաթիվ հայեր, և նրանք դրանից մեծ եկամուտ կստանան, հիասթափության մեջ են», – հավելեց Մելքոնյանը` ավելացնելով, որ հյուրանոցների 90%-ը դատարկ է մնացել, և գործարարների` «փող աշխատելու մոլուցքը կիսատ է մնացել»:
Թուրքագետը նշեց, որ մասնակիցների մեծ մասը պոլսահայեր էին` 700-800 ուխտավոր, մինչդեռ Թուրքիայում այլ հյուրերի էին սպասում. «Թուրքական շոուի սպասված հյուրերն էին հայաստանցիներն ու սփյուռքահայերը, որոնք, փաստորեն, բոյկոտեցին և չգնացին»:
Թուրքական քարոզչամեքենան հայերին տվեց լրացուցիչ խաղաքարտ` միջազգային տարբեր ասպարեզներում և կառույցներում Թուրքիայի` հայկական պատմամշակութային ժառանգության մասին հարցը բարձրացնելիս, երեկվա շոուն ներկայացնել ի օգուտ իրենց, փաստեց Մելքոնյանը: