Ռուսաստանյան արվեստի 13-րդ փառատոնին, որն անցկացվել է ֆրանսիական Կաննում, Շառլ Ազնավուրին պարգևատրել են «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով:
Այդ առիթով ռուսաստանյան «Аргументы и факты» պարբերականը զրուցել է աշխարհահռչակ շանսոնյեի հետ:
Ազնավուրը նշել է, որ Ռուսաստանն իր համար շատ մեծ նշանակություն ունի:
«Հայրս ռեստորանում խոհարար էր աշխատում, այնտեղ ռուսական խոհանոցի ճաշատեսակներ էին պատրաստում: Ավելի ճիշտ, ռեստորանը կովկասյան էր, սակայն այնտեղ ռուսական խոհանոցն էր գերակշռում` իսկական ռուսական խոհանոցի, որն այսօր գոյություն չունի: Եվ ոչ միայն այն պատճառով, որ բաղադրատոմսերն են կորել, այլ նաև այն պատճառով, որ ճաշատեսակների բաղադրիչները չկան: Նույնը, ի դեպ, կարելի է ասել հայկական խոհանոցի մասին. Հայաստանում այսօր դժվար է գտնել ավանդական հայկական խոհանոցով ռեստորան», – ասել է Շառլ Ազնավուրը: