«Իհարկե հասկանում եմ Վահան Հովհաննիսյանի ցանկությունը Հայ Ազգային Կոնգրեսի մարտավարությունը Դաշնակցության հետ նմանեցնելը: Թեև բարդ իրականանալի ցանկություն: Բայց իրականությունն աղավաղել չի կարելի», – նշել է Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը` Epress.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հնչեցրած այն հայտարարությունը, որ Կոնգրեսն օգտվում է Դաշնակցության տերմինաբանությունից:
«Կոնգրեսը և առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը բազում առիթներով հստակ ամրագրել են համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, ավելին Կոնգրեսն արդեն մի շարք ոլորտներում համակարգային վերափոխումների հայեցակարգեր է ներկայացրել հանրությանը: Կոնգրեսը վարչախմբի, նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականը հռչակել է թիվ 1 խնդիր և հետայսու էլ շարունակելու է այդ ուղղությամբ ներդնել ջանքերն ու վստահաբար հասնելու է հաջողության: Չեմ կարծում, որ Վահան Հովհաննիսյանն իրականության ընկալման հետ խնդիր ունի: Ամենայն հավանականությամբ նա զբաղված է իրականությունը խեղաթյուրելով», – ասել է մամուլի խոսնակը: