Այսօր տեղի է ունեցել «Սովորական ցեղասպանություն» շարքի թվով երրորդ ֆիլմի շնորհանդեսը` «Մարաղա. 10 ապրիլի, 1992» խորագրով:
Նախագծի հեղինակ Մարինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Մարինե Գրիգորյանի խոսքով` իրենք դեռևս նյութեր են փնտրում, և նորությունների դեպքում ֆիլմը կթարմացվի:
Նախագծի հեղինակը նաև հայտնել է, որ, չնայած բրիտանական բարոնուհի Քերոլայն Կոքսը Մարաղայի դեպքերից անմիջապես հաջորդ օրը մեկնել է այնտեղ, հարցը միջազգային հանրության ուշադրության առարկա չի դարձել:
«Մարաղայի դեպքերն առանձնանում են ողջ ղարաբաղյան պատերազմի մեջ իրենց բացառիկ դաժանությամբ: Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը ոչ մի կապ չի կարող ունենալ Ղարաբաղի հետ»,- նշել է Մարինե Գրիգորյանն ու ավելացրել, որ արդեն գործում է maragha.org կայքը, իսկ ֆիլմն էլ թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով:
Ֆիլմի սցենարի համահեղինակ Լարիսա Ալավերդյանի խոսքով` իրենք նպատակ չունեն թշնամանք սերմանել հարևան պետության ժողովրդի հանդեպ, այլ պարզապես ցանկանում են ուշադրությունը սևեռել այդ սահմռկեցուցիչ դեպքերի վրա:
«Ադրբեջանական այն հեքիաթը, թե, իբր, նրանք երեխաներին ձեռք չեն տալիս, սուտ է. Ֆիլմում կադրեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, որոնց թվում, ի դեպ, կա մի կին, պարում նոր վառած մարդկային դիակների շուրջ, ինչպես նաև բազմաթիվ երեխաներ են պատանդ տարվել, որոնցից մի քանիսին հաջողվել է վերադարձնել, իսկ մոտավորապես 19 պատանդներ չենք կարողացել վերցնել»,- ասել է Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ եթե չլիներ հասարակ ադրբեջանցիների օգնությունը, հնարավոր չէր լինի նույնիսկ վերադարձնել նրանց, ում հաջողվեց վերադարձնել: