Հարավային Կովկասի ոչ մի պետություն, հրաժարվելով Խորհրդային Միության կոմունիստական մոդելից, այդպես էլ չստեղծեց իշխանության լիարժեք քաղաքական համակարգ: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վաշինգթոնում բնակվող քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը:
«Նույնը վերաբերում է նաև վերնախավին: Հետխորհրդային տարածքում բոլոր իշխող վերնախավերը պատահական են: Դրանք ժամանակավոր են, անցողիկ», ասել է Զլոբինը:
Փորձագետի խոսքով` այսօր ոչ մի հետխորհրդային պետություն չունի լիարժեք վերնախավ, որն ի վիճակի կլինի արտահայտել պետության ազգային շահերը: «Վերնախավերի միջև պայքարը, ինչպես նաև ազգային շահերի ու թերհաս վերնախավի կողմից դրանց ընկալման միջև բախումը, ևս մեկ կոնֆլիկտ է ծնում»,- ասել է Զլոբինը:
Մեկ այլ խնդիր, ըստ քաղաքագետի, այն է, որ հետխորհրդային վերնախավն իր անձնական շահերը ներկայացնում է որպես ազգային շահ: Իրական քաղաքացիական հասարակության և ազատ ԶԼՄ-երի բացակայության պայմաններում, երբ ազգային շահերի ձևավորման հնարավորություն չկա, «ժողովրդին մատուցվում են անձնական շահեր», որի հետևանքով, ըստ Զլոբինի, տեղի է ունենում ազգային շահ հասկացության դեգրադացիա:
Բոլոր հետխորհրդային տարածքներում` այդ թվում` Կովկասում, վերնախավերի թերությունն այն է, որ այստեղ բացակայում է փոխզիջումների գնալու տարբերակը, կարծում է Զլոբինը:
«Որպես կանոն դա «ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսն է, դա համառությունն է, վրդովմունքը, զայրույթը, շանտաժն ու սպառնալիքները»,- ամփոփել է քաղաքագետը: