Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ: Նա հայտարարել է, որ պատրաստվում է շարժում ձևավորել` դեռևս 1991-ին սկսված «Ժողովրդավարական բարեփոխումների ռուսական շարժման» հիման վրա: Այս կազմակեպության առաջնորդներն էին Գավրիիլ Պապովն ու Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը:
The New Times-ին տված հարցազրույցում Լուժկովն ասել է, որ խորհրդարանական ընտրություններին շարժումը չի մասնակցի` բավարարվելով միայն «ազդեցություն ունենալով»:
Նախկին քաղաքապետն այլ մանրամասներ չի ներկայացրել: Նա նշել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել 2012 թվականի նախագահական ընտրություններին:
Քաղաքական դաշտում Լուժկովը մտադիր է պայքարել «ժողովրդավարական հասարակության օրենքների» ստեղծման համար, որոնք այսօրվա Ռուսաստանում բացակայում են:
Պատասախանելով հարցին, թե արդյոք ինքը չի վախենում այն փաստից, որ քաղաքական հավակնությունները նրան կարող են բանտ հասցնել, Լուժկովն ասել է, որ ինքը գիտակցում է բոլոր վտանգները, բայց «պատրաստ է պայքարել իր պատվի համար»:
Լուժկովի կարծիքով` իրեն նստեցնելու համար հիմքեր են պետք: «Կարծում եմ`հիմք միշտ էլ պետք է: Անգամ Խոդորկովսկու գործում են հիմքեր պետք»,- հայտարարել է նախկին քաղաքապետը` հավելելով, որ երբևէ այնպիսի բան չի արել, որի համար կարող է դատարանի առջև կանգնել: