Հայ ժամանակից գրող Դօրիանը բաց նամակ է գրել ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանին: Նամակում ասված է.
«Հարգելի պարոն Անանյան, հետաքրքիր էր, թեկուզ հեռակա, հետևել, թե համացանցում իմ հայտնվելուն ինչպես արձագանքեց հայ հասարակությունն ու հատկապես դրա գրական շերտերը։ Վերջիններս, հավանաբար, ի դեմս ինձ տեսնելով լուրջ հակառակորդի, սկսեցին քարկոծել ստեղծագործություններս ու զբաղվել իմ գրականության ժխտմամբ։ Այսպես, օրինակ, Դուք վերջին ամիսների ընթացքում «Ճանաչո՞ւմ եք արդյոք Դօրիան անունով հեղինակին» հարցին, ամեն անգամ պատասխանում եք, որ նման անուն երբևէ չեք լսել (փաստորեն, այդքան արագ մոռանո՞ւմ եք Ձեզ տված հարցերը)։ «Չեք լսել» Դուք նաև այլ գրողների մասին, որոնք Գրողների միության անդամ չեն, իսկ առանց միության միջամտության հրապարակվող գրքերի և ամսագրերին թեկուզ ծանոթ եք, բայց հանդիսատեսի ներկայությամբ հրաժարվում եք անուններ նշել` գուցե մտածելով, որ նման կերպ կարդարացնեք վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ ինքներդ ձեզ շնորհած «Գրականության ղեկավարի» տիտղոսը։ Զարմանալի է, որ այն մարդն, ով պիտի առավել շահագրգռված լինի գրականության ծաղկմամբ, փորձում է արժեզրկել, վատ լույսի ներքո ներկայացնել այն գրականությունը, որն արդեն իսկ ընդունվել ու սիրվել է հասարակության կողմից, փոխարենը, որպես ժամանակակից գրականություն, ընթերցողին առաջարկելով իր «սովետական» ընկերների աշխատանքները։ Մենք գիտենք, թե գրական շրջանակներից դուրս որքան ճանաչված է Ձեր «ղեկավարած գրականությունն» ու որ Գրողների միությունը վաղուց կարելի է մեռած կառույց համարել։ Հակառակ դեպքում այդ կառույցում գոնե մակերեսայնորեն պիտի տեղեկացված լինեին մի հեղինակի մասին, ով ավելի շատ ընթերցող ունի, քան տվյալ կառույցի բոլոր անդամները միասին վերցրած։ Հուսով եմ` այս նամակից հետո Դուք կլրացնեք այդ բացը և հաջորդ անգամ «Ճանաչում եք ինձ, թե՝ ոչ» հարցին կգտնեք այլ պատասխան»:
Լուսանկարը` zhamanak.com: