«Վերջին ժամանակներում ինձ հաճախակի են բլոկադային պրեսինգի ենթարկում, հատկապես հեռուստալրատվական մեր սպասավորները», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն` անակնկալ համարելով Հանրային հեռուստատեսության աշխատակիցների ներկայությունը:
Նա շեշտեց, որ ընտրական քարոզարշավն արդեն իսկ սկսված է և դրա նախապատրաստական նախերգանքը, ըստ Հակոբյանի, ընտրական իրավունքի քննարկումներն են.
«Եվրոպայի կեղծ, դեկլարատիվ ճնշումների տակ փոփոխություններ մտցնել ընտրական իրավունքում, իրականության մեջ մենք տեսնում ենք իմիտացիոն բնույթի բարեփոխումներ»:
Մարքսիստը մանրամասնորեն «մերկացրեց» ընտրական իրավունքի բոլոր թերությունները: «Իշխանափոխությունը տեղի է ունենում սվինների ծայրերով, արյունոտ շահատակություններով, քաղաքական ավանտյուրիզմով, բոնապարտիզմով, պառլամենտական տեռորիզմով: Մեզ անհրաժեշտ է այն ընտրական իրավունքը, որը կարող է լինել երաշխավորը բնականոն ընտրությունների և գաղափարական սերնդափոխության»:
Խոսելով «1999 թվականի փետրվարի 4-ի երկրապահների խունտայի կողմից ձևավորված Սահմանադրության մասին», Դավիթ Հակոբյանն ասաց. «Սահմանադրության մեջ նշված է` համընդհանուր ընտրական իրավունք: Սահմանադրությունից ածանցվող ընտրական իրավունքը բացարձակ ցենզային ընտրական իրավունք է, որը սոցիալական և քաղաքական դիսկրիմինացիայի է ենթարկում սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչներին, որոնք հավակնում են մտնել պառլամենտական ինստիտուտ»:
Նա խոսեց 3000 դոլարի հասնող ընտրագրավի մասին, այն դեպքում, երբ, ըստ մարքսիստի, համընդհանուր ընտրական իրավունքի ժամանակ պետությունը պետք է լինի ծախսերի հոգացողը:
«Քանի տարի շարունակ կարող են նույն քաղաքական մռութները պառլամենտարիզմի ինստիտուտը դարձնել դամբարան: Քսան տարի շարունակ տեսնում ենք այդ նույն կրիմինալ օլիգարխիկ ռոժաները, հանցագործ ոհմակի ներկայացուցիչներին և ոչ մի գաղափարական սերնդափոխություն», – հայտարարեց մարքսիստը: Նա նաև առաջարկեց սահմանափակել նախագահի ինստիտուտը երկու ժամկետով: Նշենք, որ այժմ Հայաստանում անձը կարող է նախագահ ընտրվել երկու անգամ անընդմեջ, սակայն ընդմիջումից հետո կարող է կրկին պայքարել նախագահի աթոռի համար:
Իր միտքը մարքսիստն ամփոփեց ռուսերեն, ասելով, որ «կամ սկզբունքորեն նոր տեսակի ընտրական իրավունքը կլինի 21-րդ դարի ժողովրդավարության հայելին, կամ քոչարիի փոխարեն դուք շարմանկա եք երգելու Փարիզի Ելիսյան դաշտերում, պարոնայք լիբերալ պրոֆեսորներ»:
«Ապագա ընտրություններում իշխանափոխությունն իշխանագողության վերածելու ամբողջ մեղքը ընտրական իրավունքը ստեղծագործողների վրա է, ոչ թե հասարակության կամ իրավապահպան մարմինների: Եվ սրա համար պետք է ապագայում պատասխան տան պառլամենտարիզմի ինստիտուտում բազմած հաստագլուխ դեգեներատները», – եզրափակեց Հայաստանի գլխավոր մարքսիստը: