Հոկտեմբերի 12-16-ը Ստեփանակերտւմ կայանալիք լրագրողների համահայկական հինգերրորդ «21 դարի մարտահրավերները. Տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» համաժողովին կմասնակցեն ավելի քան 200 սփյուռքահայ և հայաստանցի լրագրողներ: Այս մասին Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիդիե Փարաքյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` մասնակիցները կժամանեն մոտ 25 երկրներից. «Կարևորն այն է, որ համաժողովը մենք կազմակերպում ենք Լեռնային Ղարաբաղում, որպեսզի մեր լրագրողները մոտիկից ծանոթանան Լեռնային Ղարաբաղին և կարողանան իրենց հետագա գործունեության մեջ ինչպես հարկն է ներկայացնել Ղարաբաղի հիմնախնդիրը»:
Իսկ հոկտեմբերի 17-19-ը Երևանում տեղի կունենա հայ բանկիրների և ֆինանսիստների առաջին համաժողովը, որը, Հակոբյանի խոսքով, ևս 100 մասնակից կունենա` Հայաստանից և սփյուռքից:
Խոսելով միջոցառման առավելությունների մասին` նախարարն ընդծեց փորձի փոխանակումը, ճանաչողությունը և ընկերակցության ստեղծումը:
«Եթե երկու հարյուր լրագրողներից ամեն մեկը թեկուզ մեկ հոդված տպագրի Արցախի մասին, տարվա ընթացքում երկու հարյուր հոդված կունենանք, սա շատ կարևոր բան է», – շեշտեց Հրանուշ Հակոբյանը:
Դիդիեր Փարաքյանը, իր հերթին, նշեց, որ իր այցն ունի բազմաթիվ նպատակներ, որոնցից մեկը նա արդեն իրականացրել է` իր որդին` Սևանը, կնքվել է Սեևանի ափին: Անցնելով այցի պաշտոնական մասին, նա տեղեկացրեց.
«Մենք մեզ հետ բերել ենք մոտ քսան ֆրանսիացի գործարարների, որոնք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում: Երեկ տեղի է ունեցել ֆրանսիացի և հայ գործարարների հանդիպումը, և նրանք արդեն որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերել», – տեղեկացրեց Փարաքյանը:
2010թ. դրությամբ Ֆրանսիան, ըստ Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահի, «ապրանքաշրջանառության առումով հինգերրորդն է Հայաստանի գործընկերների ցանկում»: