Այսօր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նշանակվեց ՀԱՕԿ փոխնախագահ:
Ձյուդոյի ֆեդերացիայի այսօրվա արտահերթ նիստին Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ձյուդոյի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը վստահվում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերին, ով երեկ ժամանել էր Երևան և ներկա էր նիստին:
Դիմելով նիստի մասնակիցներին` Մարիուս Վիզերը նշել է, որ երեկ հեռուստատեսությամբ, իսկ հետո նաև տեսահոլովակով նա ծանոթացել է Ալեքսան Ավետիսյանի գործունեության հետ կապված բողոքներին: Նա նշել է, որ բողոքներից շատերի ճշմարտացիությունը միայն արտարադատության ատյանները կարող են որոշել:
Ալեքսան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ մինչ Գագիկ Ծառուկյանի և պարոն Վիզերի որոշումը ինքը վայր է դնում իր լիազորությունները որպես Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ:
Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Ալեքսան Ավետիսյանն աշխատանքի կանցնի Հայաստանի օլիմպիական կոմիտեում և կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնը: ՀԱՕԿ-ի նախագահի խոսքով` դա տեղի է ունեցել Մարիուս Վիզերի խնդրանքով:
Գագիկ Ծառուկյանն առաջարկել է նիստի մասնակիցների ծափողջույններով շնորհակալություն հայտնել Մարիուս Վիզերին` Երևան ժամանելու և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հոգսերը հոգալու համար:
Նշենք, որ երեկ «Կենտրոն» հեռուստատեսությամբ մի քանի անգամ նույն տեսանյութն էր հեռարձակվում, որտեղ նշվում էր, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել: Տեսանյութում ներկայացվում էին օրեր առաջ ֆեդերացիայի նիստի ընթացքում Ավետիսյանի հասցեին հնչած մեղադրանքներն առ այն, որ ֆեդերացիայի նախագահը գումարներ է յուրացրել և ապօրինություններ է գործել:
Մինչ այդ Ալեքսան Ավետիսյանը մամուլում տված հարցազրույցում խոսել էր «Գագիկ Ծառուկյանի անօրինականությունների» մասին: Ավետիսյանը նշել էր, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը տեղյակ է ստեղծված իրավիճակին և իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ:
Վիզերը հենց այդ կապակցությամբ էր ժամանել Երևան և, փաստորեն, կարողացել էր հարթել Ավետիսյանի և Ծառուկյանի միջև ծագած կոնֆլիկտը: