Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե այսօր անհրաժեշտություն կա խորհրդակցել տարբեր կողմերի հետ և համոզել Հարավային Կովկասի երկրներին, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին պայմանգիրը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում նրանց համար: «Դա Հայաստանի և Ռուսաստանի երկկողմանի գործն է»,- ևս մեկ անգամ ընդգծել է Սեմնեբին, հաղորդում է Коммерсант-ը:
«Հարկավոր է ավելի լայն համատեքստում դիտարկել Կովկասի ռազմական ներուժը: Զարմանալի չէ, օրինակ, Հայաստանի այսօրվա մտահոգությունը Ադրբեջանում լայնածավալ ռազմական ծախսերի առնչությամբ: Եթե կողմերը միջոցներ և հակամիջոցներ ձեռնարկեն, դա կարող է ի վերջո նվազեցնել ուժի կիրառման հավանականությունը, ինչը շատ վտանգավոր և ողբերգալից կլիներ: Չի կարելի թույլ տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական հանգուցալուծումը»,- հավելել է Սեմնեբին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը 49 տարով նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտությունում կպահպանվի ստատուս-քվոն, ԵՄ հատուկ հանձնակատարը նշել է, որ «շատ ցավալի կլիներ, եթե Ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվեր ևս 40 տարվա ընթացքում»:
«Այն արդեն շատ երկար է տևում, այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, տարածաշրջանի հարևանների համար. չէ՞որ այն վակուումի մեջ չէ: Անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմը շփման գծում, որտեղ մենք վերջին ամիսների ընթացքում նկատել ենք միջադեպեր և փոխհրաձգություններ: Համերաշխությունը, իհարկե, չի լուծում խնդիրը, սակայն այն նպաստում է բանակցային գործընթացի կարգավորմանը»,- մեկնաբանել է Պիտեր Սեմնեբին: