Արդեն 24 ժամ է անցել, ինչ գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը հրաժարվել է հացից` ի նշան բողոքի Կոմիտասի այգում կառուցվող դելֆինարիումի դեմ: Անցած գիշեր նա անցկացրել է նույն այգում:
Այստեղ` կիսաքանդ տաղավար-զրուցարանում` բեսեդկայից մնացած ճաղերի վրա, Թաթիկյանը տեղավորել է իր քնապարկը: Երկաթներին նա ամրացրել է տարածքում մեկնարկած շինարարությունը պատկերող լուսանկարներ, որոնք ուղեկցվում են «Ոչ բետոնացմանը», «Ծառ կտրողի քոքը կտրվի», «Մի պահ քեզ ծառ զգա կացինը սրելուց առաջ» կարգախոսներով:
Մոտակա ծառերը ակտիվիստը «զարդարել է» Stop նշաններով:
Մեկ օր առանց սննդի անցկացրած Թաթիկյանն իրեն նորմալ է զգում: Նա անընդհատ շարժման մեջ է, ոչ մի րոպե չի նստում և նույնիսկ հարցազրույցներն է տալիս` հետ ու առաջ քայլելով:
Հիշեցնենք,
որ Դելֆինարիումի կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է
ուկրաինական «Ներում» ընկերությունը: Դելֆինարիումի կառուցման թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը: