Home / Армения / ՌԴ Պետդուման կոչ է արել քրեական գործ հարուցել Աշոտ Եղիազարյանի նկատմամբ

ՌԴ Պետդուման կոչ է արել քրեական գործ հարուցել Աշոտ Եղիազարյանի նկատմամբ

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի մանդատային հանձնաժողովն անհրաժեշտ է համարում  ՌԴ Դատախազության քննչական վարչությանը թույլատրել քրեական գործ հարուցել պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ: Հանձնաժողովն առաջարկում է այդ հարցը քննարկել հոկտեմբերի 22-ին` Պետդումայի նիստի ժամանակ:

Երեկ ՌԴ դատախազության քննչական վարչության  ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը դիմել է կառավարության Ստորին պալատին` ՌԴ Քրեական օրեսգրքի «Խմբակային մեքենայություններ իրականացնելու» հոդվածով քրեական գործ հարուցելու համաձայնություն ստանալու համար:

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով` պատգամավոր Աշոտ Եղիազարյանը 200 միլիոն ռուբլու չափով պարտք է կուտակել:

Օրենքի համաձայն` պատգամավորի դեմ քրեական գործ կարելի է հարուցել միայն Պետդումայի համաձայնության դեպքում, հաղորդում է РИА Новости-ն:

2009 թվականի ամռանը ՌԴ Ներքին գործերի հետաքննչական հանձնաժողովը քրեական գործ էր  հարուցել «անօրինական ճանապարհով 87,5 միլիոն դոլար յուրացնելու» մեղադրանքով, որոնք հատկացվել էին  «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման աշխատանքների համար: Փողերը գողացել էին անհայտ անձինք:

Քննիչները չեն բացառում, որ հանցագործությանը կարող են մասնակից լինել «Դեկմոս» և «Դեկորում» ընկերությունները, որոնք պատկանում են Աշոտ Եղիազարյանին, գրում է Kasparov.ru-ն: Այս փաստը բացահայտվել է նրանից հետո, երբ Եղիազարյանը քաղաքային իշխանությունների դեմ հայց էր ներկայացրել, որում ինքը հանդես էր գալիս որպես կիպրոսյան «Konk Select Partners» ընկերության բաժնետեր: Հենց այս ընկերությանն է պատկանում «Դեկմոս» ընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը: