Հայաստանում կաթնամթերքի ամենախոշոռ արտադրողներից մեկի` «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի տնօրեն Սիլվա Գագինյանը չի համաձայնել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի` այսօր առավոտյան հնչեցրած կարծիքի հետ, համաձյան որի «գնաճը կարող է կախված լինել միջազգային շուկայից, եթե չկա հանցավոր համաձայնություն մեծ տնտեսվարողների շրջանակներում»:
Գագինյանի խոսքերով` գների աճը պայմանավորված է բացառապես միջազգային շուկայի գործընթացներով, որոնք, ըստ տնօրենի, այս տարի անկանխատեսելի են դարձել:
«Ինչպես միշտ, մենք այս տարվա մայիս, հունիս, հուլիս ամիսներին նույնպես սպասում էինք միջազգային գների իջեցման, ինչը սակայն տեղի չունեցավ», – հավելել է Գագինյանը:
Նա վստահեցրեց, որ ընկերությունը մի քանի ամիս փորձում էր զսպել գնաճը, բայց «դա այլևս հնարավոր չէր, քանի որ հանգեցնում էր բացասական բալանսի»:
«Կաթնարդյունաբերության ոլորտում մեծ տեմպերով աճող մրցակցության պայմաններում մենք գնացինք պանրի և կարագի գների բարձրացմանը», – ասել է Գագինյանը:
Իր արտադրանքը նաև Լեռնային Ղարաբաղ և Վրաստան արտահանող ընկերության տնօրենը նշել է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, «Աշտարակ կաթ»-ը կաթնամթերքի հումքը գնում է ոչ թե Բելառուսից, այլ եվրոպական երկրներից` շահելով գնի և որակի մեջ: Ինչ վերաբերում է ոլորտում սպասվող զարգացումներին, ապա, Գագինյանը հավաստել է, որ մինչև տարվա վերջ այլևս գների բարձրացում չի ակնկալվում: