Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը շատ դրական եմ վերաբերվում: Իհարկե, չգիտեմ, թե ինչ որակի ու թեմատիկայի գործեր են ներկայացվելու, բայց այն փաստը, որ դա, ասես, ինչ-որ իմաստով արգելված պտուղ լինի, այն քաղցր է դարձնում: Հայաստանում նոյմեբերի 2-ին մեկնարկող ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին նման կարծիք է հայտնել թատերագետ Արա Նեդոլյանը:
«Համոզված եմ, որ ՀՀ քաղաքացու համար ոչ մի արգելված պտուղներ չպետք է գոյություն ունենան, այդ քաղաքացին իրավունք ունի օգտվել ամեն ինչից, ինչից որ ցանկանա, այդ թվում՝ ադրբեջանական ֆիլմերից` անկախ նրանից, թե ադրբեջանական պետությանն ու հասարակության մի մասին դա տհաճ է, որովհետև նրանք ատում են հայերին», – նշել է Նեդոլյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «ՀՀ քաղաքացու՝ այսինքն իմ փոխարեն ոչ ոք իրավունք չունի որոշել՝ ես դիտեմ ադրբեջանական ֆիլմերը, թե չդիտեմ»:
Նեդոլյանը խնդրել է նրանց, ովքեր նման հավակնություն ունեն, կամովի դուրս գրվել իր ընկերների ցանկից:
Ինչ վերաբերում է գրող Լուսինե Վայաչյանի հասցեին հնչող սպառնալիքներին (հիշեցնենք, որ Լուսինե Վայաչյանը Facebook-ի իր պատի վրա տեղադրել էր ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ազդը, ինչը վրդովվեցրել է հասարակական ցանցի որոշ օգտատերերին, ովքեր անգամ սպառնալիքներ են ուղղել նրա հասցեին), ապա Նեդոլյանը դրանք որակել է որպես «խուժանություն է և քրեական հանցագործություն» ու խորհուրդ տվել Լուսինե Վայաչյանին ոստիկանություն դիմել:
Այսքանը` մարդու և ՀՀ քաղաքացու իրավունքների մասին, իսկ հարցի մյուս կողմը, ըստ Արա Նեդոլյանի, կայանում է նրանում, որ նման նախաձեռնությունը լուրջ մարդկային ու քաղաքացիական խիզախության դրսևորում է:
«Հենց դրան գնացող մարդիկ են լինելու նրանք, ով փոխելու է հետադիմական ու ռազմատենչ արդի ադրբեջանական պետությունն ու հասարակությունը, և թեկուզ միայն այդ մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար, կարծում եմ, պետք է ակտիվ այցելել փառատոնը:
Ես կարծում էի, որ հայ հասարակությունը իր մակարդակով ադրբեջանականից մի փոքր վեր է գտնվում, բայց Լուսինեի և Գեորգի Վանյանի հետ կապված տհաճ աղմուկը վկայում է, որ ոչ այնքան: Ինչևէ, ՀՀՇ-ի և Մուսավաթի միջև ստորագրած համագործակցության պայմանագիրը, փաստորեն, նշանակում է, որ այսուհետ նա, ով ուզում է փոխել իր հասարակությունը, պետք է ձգտի փոխել նաև իր վերաբերմունքը, այսպես կոչված, «թշնամական ազգերի» վերաբերյալ` հասկանալով, որ չկան թշնամական ազգեր, այլ կան հետամնաց ու ռազմատենչ հասարակություններ և իշխանակարգեր, և կան նրանք, ով պայքարում է այդ ամենի դեմ` անտեսելով անգամ սեփական կյանքին սպառնացող վտանգը, և հենց այդ մարդիկ են մեր իրական դաշնակիցները և արմատական փոփոխությունների հույսի մարմնավորումը», – եզրափակել է Արա Նեդոլյանը: