Home / Армения / ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակնկալում են Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների շուտափույթ իրականացում

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակնկալում են Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների շուտափույթ իրականացում

Ֆրանսիան ողջունում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ արված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որում, համաձայն ֆրանսիական կողմի, «արժևորվում է խնդրի կարգավորման անձնական պարտավորվածությունը»:

«Այս հայտարարությամբ հակամարտող կողմերն ընդունում են խաղաղ բանակցային գործընթացի անհրաժեշտությունն ու հրադադարի պահպանման կարևորությունը ` վստահության ձևավորման ճանապարհով: Աստրախանում համաձայնեցված դրույթները կնպաստեն լարվածության ու հրադադարի խախտման հավանականության նվազեցմանը, որը վերջին ամիսներին ավելացել էր»,- ասված է պաշտոնական Փարիզի հայտարարության մեջ:

Ֆրանսիան նաև ակնկալում է, որ արված հայտարարությունները կյանքի կկոչվեն.

«Այս խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության և թափանցիկ գործընթացի միջոցով, որն էլ խաղաղ ապագա, կայունություն և բարեկեցություն է ապահովելու Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում: Մեր երկիրը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, անում է հնարավոր ամեն ինչ` Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի երկարատև հիմնախնդրի խաղաղ ու արդար կարգավորմանը հասնելու համար»:

Վաշինգթոնը նույնպես բարձր է գնահատել Մեդվեդևի ջանքերը:

«Մենք ողջունում ենք Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր խաչի ներկայացուցիչների աջակցությամբ, համաձայնվել են փոխանակել ռազմագերիներին և հակառակ կողմին հանձնել մահացածների մարմինները: Մենք գնահատում ենք նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական նախաձեռնությունը` այս համաձայնությանը հասնելու համար, որն ուղղված է երկու կողմերի միջև վստահության և 1994 թվականին հրադադարի ռեժիմի ամրապնդմանը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Միացյալ Նահանգներն այն կարծիքին են, որ  Աստրախանում արված համատեղ հայտարարությունը «դրական զարգացում է»` երկարատև բանակցային գործընթացի շրջանակներում, որի հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցն է:

«Հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնությունը արագ կերպով իրականություն կդառնա»,- նշել է Քոուլին: