Home / Армения / Թուրք քաղաքական գործիչը գոհ է մնացել Հայաստանի ԱԱԾ-ից

Թուրք քաղաքական գործիչը գոհ է մնացել Հայաստանի ԱԱԾ-ից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ավելի հյուրընկալ և բարյացակամ գտնվեցին, քան Հայաստանի Արտգործնախարարության պաշտոնյաները, որոնք «իրենց հարևաններին անգամ մեկ բաժակ թեյ կամ սուրճ չհյուրասիրեցին»: Այսպես է բնութագրել հայաստանյան այցի վերջին օրը «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը:

Բեքլևիչը, սակայն, հայտարարել է, որ իրենք հետ չեն կանգնելու իրենց որոշումից և հասնելու են սահմանի բացմանը:

Նրա խոսքով` իր կուսակցությունը մեկ տարի շարունակ աշխատել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ծրագրի շուրջ և կհասնի իր նպատակին:

«Անկախ բոլոր խոչընդոտներից` մենք կհասնենք նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի», – Բեհլևիչի խոսքերն է մեջբերում թուրքական ANKA գործակալությունը:

Ըստ գործակալության` կուսակցության նախագահը քննադատության է ենթարկել Հայաստանի ԱԳՆ-ն, քանի որ, նրա խոսքով, այն «վերահսկվում է երրորդ երկրի` Ռուսաստանի կողմից»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայացած ասուլիսից հետո ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Թունա Բեքլևիչին:

Ինչպես Epress.am-ին հայտնել էր ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվի Բագրամյանը, թուրք քաղաքական գործիչներին ԱԱԾ են հրավիրել զրույցի, քանի որ վերջիններս հայտարարել էին, որ հատել են պետական սահմանը:

Թունա Բեքլևիչը և Բայբարս Օրսեկը նախազգուշացվել են, որ իրենց վարքագիծը և անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են, և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը: