Քրիստոնեությունը, անշուշտ, որոշակի կապ ունի Թուրքիայի հետ: Հատկապես, երբ Կենտրոնական Ասիայից եկած թուրքերն օգտագործում են Իոնական դպրոցի փիլիսոփաների անունները, այդ թվում` Թալեսի կամ Պյութագորոսի անունները` ցանկանալով ցույց տալ, որ Թուրքիան «անկասկած» Եվրոպայի մի մասն է կազմում, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:
1453 թվականին օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո միլիոնավոր քրիստոնյաներ շարունակել են ապրել թուրքերով բնակեցված կայսրությունում:
Այսօր Թուրքիայում քրիստոնյաներ գրեթե չկան: Նրանց թիվն այնքան աննշան է, որ վիճակագրության մեջ անգամ չի նշվում: Ավելի ուշ այս գործում մեծ ներդրում են ունեցել նախ պանիսլամական ուժերը, իսկ այնուհետև երիտթուրքերի` ազգայնական տրամադրություններով տոգորված խմբավորումները: Հայոց ցեղասպանությունը, որը Աբդուլ Համիդ 2-րդի վարած քաղաքականության արտացոլանքն էր, դարձել է առաջին խոշոր դեպքը, երբ այդքան մեծ քանակությամբ քրիստոնյաների արյուն թափվեց, գրում է գերմանական թերթը:
Այսօրվա Թուրքիան իրեն ժամանակակից պետություն է համարում, այնինչ հրաժարվում է պաշտպանել քրիստոնյաների տարրական իրավունքները: Վերջին տարիներին քրիստոնյաների սպանությունները, այդ թվում` Հրանտ Դինքի սպանությունը, ազգայնամոլներին են վերագրվում, ում համար քրիստոնյաների փոքր թիվը մեծ վտանգ է ներկայացնում թուրքական պետության համար, որի հիմնական գաղափարը մշակել է Աթաթուրքը:
Գերմանիայում մահմեդականներն առանց որևէ խոչընդոտի շարունակում են իրենց կրոնի հետևորդները մնալ: Նրանցից ոմանք Գերմանիայում ավելի ազատ են, քան իրենց հայրենիքում: Ավելանում է մզկիթների թիվը: Ծրագրեր են մշակվում, որոնք ուղղված են գերմանացի իմամների կրթությանը: Արդարացի կլիներ, եթե Գերմանիայի նախագահը կրոնական ազատության և քրիստոնյաների իրավունքների պաշտպանության կոչով հանդես գար, գրում է թերթը: