Home / Армения / Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ կբողոքեն իրանուհու մահապատժի դեմ

Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ կբողոքեն իրանուհու մահապատժի դեմ

Այսօր Facebook սոցիալական ցանցում հայտարարություն են տարածել, որով մարդկանց հրավիրում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել Իրանում ամուսնու դավաճանության մեջ մեղադրվող Սաքինե Մուհամմեդ Աշտիանիի մահապատժի վերաբերյալ:

Այսօր երեկոյան` ժամը 17:00-ին, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև (Երևան, Կոմիտասի պողոտա, Բուդաղյան 1) նախատեսվում է ակցիա անցկացնել:

Հայտարարության մեջ նշված է, որ Սաքինեի իրավապաշտպանները խնդրում են որքան հնարավոր է աղմկել ինտերնետում, անցկացնել կենդանի բողոքի ակցիաներ Իրանի դեսպանատների դիմաց այլ երկրներում, ինչպես նաև ակցիայի նկարը հրապարակել ընդհանուր տեսանելի տեղերում:

Ակցիայի մասնակիցները մտադիր են քարեր ներկել կարմիր գույնով և դնել դրանք  Իրանի դեսպանատան դռան տակ:

Հիշեցնենք, որ Սաքինե Աշտիանին դատապարտվել էր մահապատժի ամուսնուն դավաճանելու համար: Համաձայն շարիաթի օրենքների` նման հանցանք գործած կնոջը սպասվում է դաժան մահ` քարկոծման միջոցով: Ավելի վաղ Իրանի Իսլամանական Հանրապետության իշխանությունների որոշումը պաշտոնապես դատապարտել էր Վաշինգթտոնը: Մահապատժից հրաժարվելու պահանջով հանդես էին եկել նաև ԵՄ-ում: