Home / Армения / Սարիբեկյանն Ադրբեջանում կտտանքների է ենթարկվել. դատախազություն

Սարիբեկյանն Ադրբեջանում կտտանքների է ենթարկվել. դատախազություն

Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության  հատկանիշներով, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազություն:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների  տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական  պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետևանքով:
Գլխավոր դատախզությունը նշում է, որ դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի այն եղել է քայքայված:

«Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի», – ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝  ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին  դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: