Ադրբեջանական կողմն այսօր Հայաստանին է հանձնել 71-ամյա Հայաստանի քաղաքացի Գավրուշ Ռուստամյանի աճյունը: Այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչը:
Հայաստանը, իր հերթին, Ադրբեջանին է հանձնել զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմեդովի աճյունները:
Աճյունների փոխանակումը տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Աղդամի հատվածում:
«Չնայած նրան որ աճյուններ տեղափոխելը ցավալի իրադարձություն է, մահացածի ազգականները վերջապես հնարավորություն են ստանում սգալու և հուղարկավորելու իրենց հարազատին»,- ասել է Հելեն Պլենեվոն, ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը Բարդայում, ով մասնակցեց գործողությանը։ «Մենք ուրախ ենք որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերադարձման գործընթացը վերջին ժամանակաշրջանում արագացավ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին արդբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել հովիվ Մանվել Սարիբեկյանի դին:
Նույն օրը Հայաստանն ադրբեջանական կողմին էր հանձնել քաղաքացի Էլդար Թաղիևին, ով մոտ 10 ամիս առաջ ապօրինի անցել էր Հայաստանի սահմանը:
Ինչպես ավելի վաղ Epress.am-ին հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, «Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կատարում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները և նույն վճռականություն ակնկալում է Ադրբեջանի կողմից»: