Home / Հայաստան / Սումգայիթն էլ, Խոջալուն էլ ծրագրել է Կրեմլը. իրավապաշտպան

Սումգայիթն էլ, Խոջալուն էլ ծրագրել է Կրեմլը. իրավապաշտպան

«Ես խնդրում եմ ռազմահայրենասերներին` իրենց վեր չհամարեն Հայաստանի բոլոր ատյանների դատարաններից: Իմ բոլոր հրապարակային ելույթներն այս նույն շանտաժի, այս նույն տեռորի, իրենց դատարան հռչակաց հայրենասերների կողմից կամայական մեջբերումներով հեղեղվել է մամուլում, համատեքստից կտրվել է: Կարդացեք իմ հրապարակումները, ես երևի հարյուրից ավելի հրապարակային ելույթներ եմ ունեցել, այդպես էլ մի պատասխան հոդվածի ես չհանդիպեցի, բացի հայհոյանքից»: Այսպիսի հայտարարությամբ է այսօր կայացած ասուլիսի ընթացքում հանդես եկել «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հ/կ-ի նախագահ Գեորգի Վանյանը:

Նշենք, որ Գեորգի Վանյանը Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներից մեկն է: Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ նախագծի յուրաքանչուր ծրագիր տրամաբանական շարունակությունն է նախորդի:

«Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը նախատեսված էր 2009 թվականի նոյեմբեր ամսին, ինձ առաջարկվեց, որ այդ նախագիծն արվի փակ, գրանցվի թղթի վրա: Ինձ ասացին. ստացել ես գումար, գումարի ծախսման ճանապարհները կան, արձանագրում ենք, որ եղավ ծրագիրը, ինչպես լինում է առհասարակ, հաշվետվությունը տրվում է, հետո ստանում ես հաջորդ դրամաշնորհը: Ես հրաժարվեցի», – նշել է Վանյանը` չճշտելով, թե ով է նման առաջարկ արել:

Վանյանի այն խոսքերից հետո, որ նա հասարակական գործիչ է, որի յուրաքանչյուր գործողությունը ծրագրավորված է, բլոգեր Տիգրան Քոչարյանը, որի ասուլիսը կայացավ Վանյանի ասուլիսից մեկ ժամ առաջ, հարցրեց, թե ում կողմից են ծրագրավորված «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հ/կ նախագահի գործողությունները.

«Իմ կողմից», – պատասխանեց Վանյանը և ստացավ հաջորդ հարցը` «ո՞ւմ պատվերով»:

«Որևէ մեկը չի կարող ինձ որևէ բան պատվիրել, ես 1989 թվականից հրապարակում եմ, և թող գտնվի մեկը, որ ասի, որ ես պատվերով եմ աշխատում», – պատասխանեց Գեորգի Վանյանը: Ներկաները հարցրեցին հյուրին իր` Խոջալուի մասին արված հայտարարությունների մասին, որին նա պատասխանեց. «Մեր հասարակությունում կա տաբու, որը չի խոսում մեր օգտին, խոսել Խոջալուի մասին: Ադրբեջանում կա տաբու Սումգայիթի մասին»:

Նա նաև ստիպված էր շեղվել ասուլիսի թեմայից և պատասխանել հարցին` արդյո՞ք նա հավասարության նշան է դնում Սումգայիթում և Խոջալում կատարվածի միջև:

«Այո, ես հավասարության նշան դնում եմ, որովհետև երկուսն էլ ծրագրվել են նույն կենտրոնի կողմից` Կրեմլից»:

Այն հարցին, թե ով է արգելափակում փառատոն անցկացնել, Վանյանն առաջարկեց լրագրողներին հետաքննություն կազմակերպել, իսկ ֆիլմերի բովանդակությանը ծանոթանալ ցանկացողներին նա հրավիրեց ներկա գտնվել փառատոնին:

Հարկ է նշել, որ ասուլիսի թեմայից, որն էր` արդբեջանական ֆիլմերի արգելափակումը Հայաստանում, շեղվելու պատճառով, լրագրողների մի մասը դեռ երկար ժամանակ հարցեր էր ուղղում Վանյանին ասուլիսից հետո:

Նրա խոսքերով` որքան քաղաքացու ձայնը լսելի լինի, որքան շահարկումները նվազեն, այնքան իմաստալից քայլ անելու հնարավորություն կունենանք մեր առջև ցառացած կենսական խնդիրները լուծելու համար:

Մեկնաբանելով Մանվել Սարիբեկյանի մահվան հետ կապված լրագրողների հարցերը և ադրբեջանական ֆիլմերի փառատոնն անցկացնելու հետ նման դեպքերի կապելը` կազմակերպիչն ասաց. «Փոխարեն անել այնպես, որ Խոջալու և Սումգայիթ չկրկնվի, հայաստանցիները և ադրբեջանցիներն ամեն ինչ անում են նորանոր Սումգայիթների և Խոջալուների համար»:

Epress.am-ի հետ զրույցում Գեորգի Վանյանը կիսվեց իր տպավորություններով լրագրողների հետ հանդիպումից: Ըստ նրա` ասուլիսներ արժե կազմակերպել, «որ խոսքի կուլտուրա ունենանք, խնդիրները, հետևանքը և պատճառը չխառնենք իրար»:

«Այս ամենն ավելի շատ հոգեբուժարան է հիշեցնում, երբ հանկարծ մեկն ազգային անվտանգության գործառույթն է իր վրա վերցնում, ասում է` չպետք է լինի: Դուք պատկերացնում եք, ինչ խայտառակ վիճակում ենք», – նշել է Վանյանը:

Վանյանը նաև նշել է, որ թուրքական փառատոնից սկսած դիմակազերծման որակական քայլեր են կատարվել.

«Երբ մենք անցկացրեցինք ադրբեջանական օրերը, ՀՀ ատգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` ողջունելով Հայաստանում ադրբեջանական օրերը: Այդ նույն ծրագրի շրջանակներում թուրքական ֆիլմերի փառատոնը բիրտ ձևով արգելափակեցին»:

Վանյանը պատմել է, որ ինքը պարզաբանումներ էր պահանջել ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայից. նա, ըստ Վանյանի, «թունոտ նետեց` մենք ձեր նախաձեռնությունը չենք ողջունում, մեր հայտարարությունն արված էր միջազգային հանրության համար»: